Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ոստիկանական համակարգից յուրաքանչյուր մարդու հեռացման կամ դատապարտման ժամանակ լուրջ հոգեկան ապրումներ է ունենում: Այս մասին նա հայտարարել է այսօր` ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես էլ ոստիկան եմ էս ճանապարհն եմ անցել, մերոնց նկատմամբ այլ վերաբերմունք ունեմ: Ամեն մի հեռացված ու դատապարտված մարդու հետ լուրջ հոգեկան ապրումներ եմ ունենում, հասկանում եմ մարդկանց, ես էդ ամեն ինչը մի քիչ այլ պրիզմայով եմ անցկացնում, քան դուք եք տեսնում, քան ժողովուրդը»,-ասել է Ալիկ Սարգսյանն` անդրադառնալով վերջին շրջանում համակարգի կադրային փոփոխություններին:
«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ես էլ մոտեցումս պիտի փոխեմ, այսուհետեւ աշխատանքից ազատումներ, հեռացումներ, տարբեր պատժի միջոցների կիրառումներ կարող են լինել: Ինչու չէ, եթե քրեորեն պատժելի արաք է թույլ տվել, արդեն չեմ խորշում, ինքս արագ ստորագրում ուղարկում եմ հատուկ քննչական ծառայություն: Թող մարդիկ հասկանան, որ անպատժելությունը ոստիկանությունում այլեւս անընդունելի է եւ չի կարելի որեւէ արարք թույլ տալ, որը կարատավորի ոստիկանի պատիվը»,-նշել է Ալիկ Սարգսյանն ու վստահեցրել, որ ամեն ինչ անում է այդ պատիվը բարձրացնելու, հասարակության հետ կապերը սերտացնելու, ժողովրդի վստահությունը վերականգնելու ուղղությամբ:
«Ոստիկանությունում փորձում եմ նախկին ոստիկանի կարծրատիպը վերացնել, որպեսզի մարդիկ էսօր յուրովի ընդունեն ոստիկանին: Էսօր մեր ժողովրդի ոստիկանությունն է, մեր ժողովրդի, ոչ թե նախկին մեծ սովետական կայսրության: Ինչ վերաբերվում է այն ոստիկաններին, ովքեր թույլ կտան թույլատրելիից ավելին, հավատացեք ինձ, որ նրանցից որեւէ մեկը չի խնայվի»,-վստահեցրել է Սարգսյանը, հավելելով. «Թող մտածեն, որ ժամանակները փոխվել են»:





























