ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր համար միեւնույն է՝ Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կգնա, թե ոչ, գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքողների դեմ բռնություն չկիրառվի: ԱՄՆ առաջնորդը համապատասխան հաղորդագրությունը կիրակի հրապարակել էր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ազգային անվտանգության հարցերով օգնականն այսօր առաջարկեց, որ պատժամիջոցներն ու բողոքի ցույցրերը հանգեցրել են նրան, որ Իրանի «թթվածինը փակվել» է, եւ դա նրանց կստիպի բանակցությունների գնալ: Իրականում ինձ ամենեւին չի հետաքրքրում՝ նրանք արդյոք բանակցությունների կգնան: Դա կախված է միայն իրենցից, բայց ոչ մի միջուկային զենք եւ «մի սպանեք ձեր ցուցարարներին»,- գրել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը կարծիք էր հայտնել, որ Վաշինգտոնի հետ Թեհրանի բանակցությունների գնալու հնարավորությունները մեծացել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ էլիտար զորամասեր) հատուկ նշանակության «Ալ Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի վրա ամերիկյան հարվածից հետո: Հունվարի 3-ի գիշերը Սոլեյմանիի սպանությունը հանգեցրել էր Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ սրման: Թեհրանն ի պատասխան հունվարի 8-ի գիշերը հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքում ամերիկյան զինվորականների կողմից օգտագործվող 2 օբյեկտների՝ Այն էլ Ասադ բազային եւ Էրբիլի օդանավակայանին:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն իր հերթին կիրակի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի իշխանությունների հետ բանակցություններին պատրաստ է առանց նախապայմանների, չնայած այդ երկրում Վաշինգտոնի օգտին ցուցարարների աջակցությանը: Թրամփն ավելի վաղ Իրանի ղեկավարությանը կոչ էր արել ցուցարարների դեմ ուժ չկիրառել, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպություններին թույլ տալ հետեւել երկրում ընթացող բողոքի ակցիաներին: Բայց միաժամանակ դրանց մասնակիցներին աջակցություն էր հայտնել:
«Ռեյթեր» գործակալության տեղեկություններով՝ շաբաթ Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում Թեհրանում, սկսվել էին հակառավարական ցույցեր իրանական ԶՈՒ կողմից ուկրաինական օդանավի աղետի պատասխանատվությունը ստանձնելու ֆոնին: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 օդանավը Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո մի քանի րոպե անց աղետի էր ենթարկվել: Արդյունքում օդանավում եղած 176 մարդիկ բոլորը զոհվել էին՝ Աֆղանստանի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ: Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել, որում խոստովանել էր, որ օդանավը սխալմամբ խփվել է Իրանի ԶՈՒ կողմից: ԻՀՊԿ Օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ երկրի ՀՕՊ-ը օդանավը թեւավոր հրթիռի հետ է շփոթել:




























