Հանրապետության հրապարակում հնագիտական շերտը բացելը չպետք է փչացնի մայրաքաղաքի կենտրոնի կերպարը: Թամանյանական ճարտարապետության տրամաբանությունը չպետք է խախտվի: Այս մասին հունվարի 14-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Քաղաքի ճարտարապետական կերպարը պահպանելուց բացի, հրապարակը պետք է շարունակի ծառայել որպես մայրաքաղաքի տրանսպորտային հանգույց: Այս երկու պայմանները քննարկման ենթակա չեն»,- նշեց նա:

Պավել Ավետիսյանը հավելեց, որ նախարարի  (կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի – խմբ.) հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը պետք է քննարկի աշխատանքի մանրամասները:

Գիտնականը նշեց, որ դա լավ առիթ է ցույց տալու, թե ինչ հիշողություն է պահպանում Հայաստանի մայրաքաղաքը։

Ինստիտուտի տնօրենն ընդգծեց հին եւ նոր Երեւանի կերպարի արդիականացման եւ ներդաշնակ ներկայացման կարեւորությունը։

«Աշխարհի բոլոր քաղաքներում, այս կամ այն կերպ, փորձում են պատմական կերպարը հարմարեցնել արդի իրողություններին։ Մենք նույնպես պետք է ինչ-որ տեղից սկսեինք, օրինակ՝ Հանրապետության հրապարակի տարածքից։ Իսկ ինչո՞ւ ոչ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի վարչապետը ազդարարել էր հնագիտական աշխատանքների անցկացման մասին մայրաքաղաքի գլխավոր հրապարակի տակ, ինչը, նրա խոսքով, թույլ կտա ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել։