Թուրքիան չլինելով էներգետիկ պաշարներով հարուստ երկիր, փորձում է իր էներգետիկ պահանջները բավարարել՝ օգտագործելով իր աշխարհագրական շահավետ դիրքը եւ դիվանգիտությունը: Այդ երկրի իշխանությունները լրջորեն որոշել են Թուրքիան դարձնել էներգետիկ կարեւր հանգույց: Թուրքիան էներգետիկ ոլորտում միջնորդ դառնալու հայտ ներկայացրեց դեռեւս 1970-ականների վերջին, երբ գործարկվեց Իրաքի Քիրքուկից դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ ձգվող նավթամուղը:

2006 թվականին սկսեց գործել արդեն Բաքու-Ջեյհան նավթամուղը, որի գործարկմանը շատերը կասկածում էին: 2010-ին կգործարկվի նաեւ Սամսուն-Ջեյհան նավթամուղը: Այն սեւծովյան շրջանից ռուսական նավթը կտեղափոխի Ջեյհան: 2007-ին թուրքական եւ իսրայելական կողմերը պայմանավորվել են կառուցել նավթամուղ Ջեյհանից դեպի իսրայելական Հայֆա քաղաք: Թուրքիայի էներգետիկ կարեւորություն ունեցող հաջորդ նշանակետերն են` Ռուսաստանի աջակցությամբ հզոր ատոմակայանի կառուցումը եւ միջինասիական ու ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա փոխադրելու նախագիծը, որը հայտնի է «Nabucco» անվամբ:

Հայաստանին պետք է, որ մտահոգեր Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայում հզոր ատոմակայանի կառուցումը, երկու պատճառով: Թուրքիայի նախագահի Երեւան կատարած այցից հետո հայկական իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանը էլեկտրաէներգիա է վաճառելու Թուրքիային: Հայտնի է, որ Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանը ապահովելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի սպառումը: Այս պարագայում Հայաստանը չի կարող Էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային, քանի որ Թուրքիան ինքը կարող է արտադրել իրեն անհրաժեշտ էներգիան:

Մտահոգության մյուս պատճառը այն է, որ Հայաստանը նույնպես որոշել է կառուցել նոր` ներկայումս գործող ատոմակայանից ավելի հզոր ատոմակայան, եւ կարծես թե ռուսները դրա կառուցմանը մասնակցել չեն շտապում:

Թուրքիայում կառուցվելիք չորս բլոկից կազմված եւ յուրաքանչյուր բլոկը 1200 մեգավատտ հզորությամբ ատոմակայանը կարժենա մոտ 18-20 միլարդ դոլար: Այն կիրականացվի վեց տարվա ընթացքում եւ կկառուցվի Անթալիայից 200 կիլոմետր հեռավորոթյան վրա: Թուրքիան նաեւ երաշխիքներ է ներկայացրել ռուսական կողմին, որ ատոմակայանի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան կգնի:

Մինչ այժմ Թուրքիայում չկա ոչ մի ատոմակայան: Թուրքիան էլեկտրաէներգիա ստանում է ջերմաէլեկտրակայաններից եւ հիդրոէլեկտրակայաններից: Թուրքական կառավարությունը մինչեւ 2013 թվականը նախատեսում է կառուցել եւս երեք ատոմակայան:

Թուրքիայում լուրջ ուշադրություն է դարձվում նաեւ գազային միջնորդ երկիր դառնալու ծրագրին: Այսպես, 2001 թվականից գործում է Թավրիզ-Անկարա գազամուղը: Ներկայումս գործում է նաեւ 2006-ից գործարկված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Գործարկվում են նաեւ «Երկնագույն հոսքը», որը Ռուսաստանը Սեւ ծովի հատակով կապում է Թուրքիային, Թուրքիա-Հունաստան գազամուղը, որը շահագործվում է 2006թ.-ից: Կան եւս մի քանի նախագծեր, որոնք դեռեւս քննարկումների փուլում են:

Հաջորդ թանկարժեք եւ Թուրքիային շատ անհրաժեշտ նախագիծը «Nabucco»-ն է: Այս նախագիծը գնահատվում է 7.9 միլիարդ դոլար: Այն նախատեսում է բնական գազ արտահանել Եվրոպա՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի տարածքով: Գազամուղը կունենա 3.3 հազար կիլոմետր երկարություն եւ կլինի ներկայումս գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը եւ կարող է տարեկան 30-40 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել: «Nabucco» նախագծի գազի աղբյուրներն են` Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը եւ Իրաքը: Իրանի հարցում կա ԱՄՆ-ի լուրջ դժգոհությունը: «Nabucco» նախագծի քննարկումները աշխուժացան 2009-ի սկզբին, երբ Եվրոպան տուժեց ռուս-ուկրաինական գազային հակամարտության պատճառով: Փաստորեն «Nabucco»-ն Եվրոպայի համար այլընտրանք է ռուսական գազատարին: Այս նախագիծը նպատակ ունի նաեւ նվազեցնել Ռուսաստանից գազային կախվածությունը: Ռուսաստանին լրջորեն անհանգստացնող այս նախագծի շինարարությունը նախատեսվում է սկսել 2011 թվականին եւ 2014-ին գործարկել այն: Ռուսաստանը հասկանալով, որ իր դիրքերը Եվրոպայում թուլանում են, անհապաղ սկսեց միջոցներ ձեռնարկել «Nabucco» նախագծի դեմ: Ռուսաստանին այս հարցում օգնության եկավ Ադրբեջանը: Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվեց գազային համաձայնագիր: Համաձայնագիրը կնքվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեւդեւի Բաքու կատարած այցելության ժամանակ:

Այս նախագծի հետ կապված Թուրքիայում սկսվեց լուրջ իրարանցում։ Այդ համաձայնագրով Ռուսաստանը սկսած 2010 թվականից Ադրբեջանից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ է գնելու: Այդ գազը չի լինելու «Nabucco»-ի համար նախատեսված Շահդենիզի հանքահորերից: Ռուսները ցանկացել են գնել 2013 թվականից հետո արդյունահանվելիք տարեկան 13 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն Ադրբեջանը համաձայնվել է նախնական տարեկան 500 միլիոն խորանարդ մետր վաճառել ռուսներին: Թուրքիայում այս ամենը իրենց էներգետիկ ծրագրերին սպառնալիք ընկալվեց: Թուրքիային լրջորեն անհանգստացնում էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի մերձեցումը: Այնտեղ Ադրբեջանի այս դիրքորոշումը կապում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի քայլերի հետ: Ռուսները ադրբեջանական գազը հենց սահմանին գնելու են 1000 խորանարդ մետրը 300-350 դոլարով, ինչը աննախադեպ բարձր գին է Ռուսաստանի համար: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս անսպասելի գազային համաձայնագրի կնքումից շատ չանցած Թուրքիայի արտգործնախարարը մի մեծ պատվիրակությամբ, վաղօրոք չպլանավորած այց է կատարում Մոսկվա: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը սակայն հերքում է, որ Թուրքիան կասկածում է «Nabucco» նախագծի իրականացմանը, նշելով, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված գազային պայմանագիրը բոլորովին չի խանգարում «Nabucco»-ին, քանի որ Ռուսաստանին վաճառվող գազը այլ հանքահորից է, իսկ «Nabucco»-ի համար նախատեսված հանքահորերը այլ են: Մոսկվա մեկնած թուրքական պատվիրակությանը ռուսական կողմը առաջարկել է մասնակցել «Հարավային հոսք» նախագծին: «Հարավային հոսք» նախագիծը նախատեսում է ռուսական Նովոռոսիյսկից ռուսական գազը Սեւ ծովի հատակով հասցնել Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղից էլ այն կբաժանվի երկու ճյուղի: Առաջինը բալկանյան թերակղզով կհասցնի Իտալիա, իսկ երկրորդը` Ավստրիա: Ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը ընկերության տարեկան համաժողովի ընթացքում հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագիծը կպահանջի մոտ 25 միլիարդ դոլար ներդրում եւ արդեն 2015 թվականին կապահովի ռուսական գազի Եվրոպա փոխադրման 35%-ը: Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յլդզի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «Հարավային հոսքը» հաշվի է առնում Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը եւ համագործակցության հեռանկարը այս նախագծի շրջանակներում: Թուրքիայի Էներգետիկայի նախարարն էլ հավաստել է, որ «Հարավային հոսք» եւ «Nabucco»-ն իրար չեն խանգարում:

Արդեն հուլիսի 3-ին Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Ադրիանա Վիդիանուն հայտարարում է, որ «Nabucco»-ի համաձայնագիրը կստորագրվի հուլիսի 13-ին, Անկարայում: Համաձայնագիրը պետք է կնքվեր ավելի վաղ, սակայն որոշ հարցերի պատճառով այն հետաձգվում էր: Այդ հարցերից էր Թուրքիայի պահանջը՝ իրեն հատկացնելու գազի ընդհանուր ծավալի 15%-ը: Ինչպես հայտնել է Ռումինիայի Էկոնոմիկայի նախարարը, այդ 15%-ի հարցը նույնպես լուծված է։

Անդրանիկ Իսպիրյան