Հայաստանում բանանի եւ հատիկավոր սուրճի շուկաներում նկատված գնային փոփոխությունների առնչությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսում է ուսումնասիրություն վերոնշյալ շուկաներում:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի պահանջով այս դաշտում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն տեղեկատվություն՝ ներկրման եւ իրացման ծավալների, ինչպես նաեւ հիմնավորումներ՝ շուկայում նկատված գնային փոփոխություների վերաբերյալ:
Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը արձանագրել է, որ մանրածախ առեւտրի կետերում մարտին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչեւ 1120 դրամի, այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով: Ինչ վերաբերում է հատիկավոր սուրճին, ապա Հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, սուրճի միջազգային գինը բարձրացել է:
Ուսումնասիրությունները կպարզեն, թե որքանով է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին:
Ի դեպ, հանձնաժողովի նախորդ ուսումնասիրություններով բանանի շուկայում գերիշխող դիրք ունեցող է ճանաչվել «Քեթրին գրուպ» ընկերությունը՝ 51 տոկոս մասնաբաժնով:
Հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող է «Կաֆե դյու բրազիլ» ընկերությունը, որը իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/3-ից ավելին:
Շուկայում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 35,2 տոկոս:
Չի բացառվում, որ հանձնաժողովի կողմից կատարվող ուսումնասիությունների արդյունքում վերոնշյալ շուկաներում ի հայտ գան նոր գերիշխողներ:




























