Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելել է Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը հադիպումներ է ունեցել նաեւ Բասրայի Առեւտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի եւ Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները:
Հայաստանի դեսպանը հանդիպել է նաեւ Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ, որն առաջարկել է հայ գործարարներին մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման գործում եւ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց կորպորացիայի արտադրանքի լայն տեսականի ներմուծել Հայաստան:
Դեսպան Մուրադյանը հանդիպել է 300-ամյա պատմություն ունեցող Բասրայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է շուրջ 200 մարդ: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը, համայնքի կարիքները եւ դեսպանության հնարավոր աջակցությունը համայնքին, համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին:





























