«Արմավիա» ավիաընկերությունը հերքում է լուրերն այն մասին, որ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օդանավակայան է ձեռք բերել Սլովակիայում: «Պարոն Բաղդասարովը ոչ մի օդանավակայան չի գնել, մամուլը կեղծ տեղեկություն է հրապարակել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան`մեկնաբանելով մամուլի հրապարակումները:

Ըստ այդ լուրերի`«Արմավիան» վերջին շրջանում ուշացնում է նաեւ իր  աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել նրանց շրջանում: «Մեր ընկերության եւ ոչ մի աշխատակցի աշխատավարձ չի ուշացվել: Եթե թերթը նման տեղեկություն է հրապարակել, ապա թող օգնի մեզ պարզել` հատկապես ո՞ւմ աշխատավարձն է ուշացվել` ո՞ր ուղեկցորդուհու, ո՞ր օդաչուի կամ վարչակազմի այլ աշխատակցի, որպեսզի մենք կողմնորոշվենք: Վստահեցնում եմ, որ մեր աշխատակիցները ժամանակին են ստանում իրենց աշխատավարձը»,- հայտարարեց Ավետիսովան:

Հիշեցնենք, որ մարտի վերջերին «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիա»-ի չվերթներից մի քանիսը` հայտարարելով, որ վերջինս չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները: «Արմավիա»-ն, իր հերթին, մեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը բարձր սակագներ սահմանելու եւ ազգային ավիափոխադրողին արտոնություններ չտրամադրելու մեջ: