ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Հայաստանում գնաճի մակարդակը կհայտնվի նպատակային թիրախում (4+-1.5 տոկոս) 2012 թ. առաջին կիսամյակում:

Այդ մասին այսօր` ապրիլի 15-ին հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան:

Նշենք, որ այդ կանխատեսումը որոշակիորեն տարբերվում է ՀՀ Կենտրոնական բանկի սպասումից, ըստ որի արդեն տարեվերջին գնաճի մակարդակը ընդհուպ կմոտենա նպատակային թիրախին:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում գնաճի տեմպը արագ նվազում է»,- ասա Գ. Տոլոսան` նշելով գների կայունացմանը նպաստող 3 հիմնական գործոն:

Առաջին գործոնը միջազգային շուկայում պարենի եւ վառելիքի գների նվազումն է։ Ըստ Գ. Տոլոսայի` միջազգային շուկայում գների տատանողականությունը կպահպանվի, սակայն աճի միտում չի ակնկալվում:

Հաջորդ գործոնը` գյուղատնտեսական հաջող տարին է; Եղանակը բարենպաստ է, ինչի արդյունքում գյուղմթերքների արտադրությունը կմեծանա, իսկ գները կնվազեն:

Եւ վերջապես` երրորդ գործոնն այն է, որ ըստ Գ. Տոլոսայի, կառավարությունն ու Կենտրոնական բանկը ճիշտ են արձագանքել մարտահրավերներին` տոկոսադրույքները բարձրացվել են, բյուջեի դեֆիցիտը կրճատվում է, պահպանվում է շատ կուռ մակրոտնտեսական միջավայր:

Սակայն Գ. Տոլոսան քննադատեց կառավարության որոշումը` որոշ ապրանքների գները կարգավորել վարչական լծակների միջոցով, սահմանելով առավելագույն գներ: «Այդ միջոցները հանգեցնում են ապրանքների դեֆիցիտի, մաքսանենգության ավելացման եւ աղճատում են շուկան»,- ասաց ԱՄՀ ներկայացուցիչը:

Գ. Տոլոսան ողջունեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի լիազորություններն ընդլայնելու մասին նոր օրենքը` ակնարկելով, որ գների աճին մեծապես նպաստում են մենաշնորհները:

Ինչ վերաբերում է կենտրոնական բանկի քաղաքականությանը, ապա Գ. Տոլոսան ասաց, որ որոշ գործիքներ Հայաստանում այնքան արդյունավետ չեն, ինչպես այլ երկրներում: Սակայն նա խոստացավ «եռանդուն տեխնիկական աջակցություն» տրամադրել ԿԲ-ին` որպեսզի այդ գործիքների ամբողջ ուժը վերականգնվի (նկատի ունի առաջին հերթին վերաֆինանսավորման տոկոսադրույքի քաղաքականությունը,-խմբ):