Վրաստանի ԱԳՆ-ն որոշել է չմեկնաբանել հրեական Global CST կազմակերպության ներկայացուցիչների այցն Աբխազիա, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել են ԱԳՆ-ից, այդ խնդրի վերաբերյալ ԱԳ նախարարությունը մեկնաբանություններ չի տալիս:
Հիշեցնենք, որ հրեական այդ կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աբխազներին ռազմական տեխնոլոգիաներ տրամադրել:
Նշենք, որ ապրիլի 13-ին, Մոսկվայում Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի եւ հրեական Global CST կազմակերպության ղեկավարի միջեւ բանակցություններ են ընթացել, որի ավարտից հետո, հրեական պատվիրակությունը մեկնել է Աբխազիա եւ հանդիպել այդ երկրի նախագահի, ինչպես նաեւ ԱԳ եւ պաշտպանության նախարարների հետ: Կողմերը պայմանավորվել են ապագայում համագործակցություն ծավալել:
Նշենք նաեւ, որ հրեական պատվիրակությունը Սուխումին լքել է ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները լարվել են, երբ Վրաստանում ձերբակալել են 2 հրեա գործարարների` վրացի պաշտոնյային կաշառք տալու մեղադրանքով:





























