Թուրքիայում հազարավոր լրագրողներ են դուրս եկել փողոց` ի պաշտպանություն իրենց երկու գործընկերներ Ահմեդ Շըքի եւ Էրթուղրուլ Մավիօղլուի, ովքեր կասկածվում են ուլտրաազգայնական «Էրգենեկոն» կազմակերպության գործունեությանը մասնակից լինելու մեջ: Հետապնդումների պատճառը եղել է վերջիններիս հեղինակած գիրքը, որտեղ պատմվում է աղմկահարույց գործի վերաբերյալ իրենց հետաքննության մասին:
Դատական լսումների ժամանակ Մավիօղլուն հայտարարել է, որ սա միակ դատական գործը չէ լրագրողների նկատմամբ. «Մոտ չորս հազար դատաքննություն է կատարվում այս երկրում: Ինձ մեղադրանք են առաջադրել ոչ միայն գրքի, այլեւ մյուս հրապարակումների համար: Մարդկանց դատապարտում են գրքերի համար, որոնք վարչապետ Էրդողանը ռումբեր է համարել: Սա լրատվամիջոցների ազատության նկատմամբ բռնապետության վերաբերմունքի ցուցանիշ է»:
Թուրքիայում լրագրողների նկատմամբ մեծ թվով դատական գործերի հարուցման առնչությամբ մտահոգություն են հայտնել նաեւ Եվրահանձնաժողովն ու ԱՄՆ-ը:
Նշենք, որ «Էրգենեկոնի» նպատակներից մեկը Թուրքիայում քաոսի ստեղծման միջոցով հեղաշրջման իրականացումն էր: Կազմակերպությունն, ի դեպ, մտադիր էր նաեւ իրագործել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի եւ Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդի սպանությունները:





























