Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Վերնիսաժ» տոնավաճառ եւ ծանոթացել տարածքի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին:
«Փոփոխություններ կան, բայց բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքները բավարար չեն: Մեր հիմնական պահանջը կանաչ տարածքներում առեւտրի արգելումն է: Տարածքի արտաքին տեսքը պետք է ավելի հաճելի եւ բարեկարգ լինի. պետք է տեղադրվեն աղբամաններ, զուգարաններ: Վարձակալը խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել տարածքի բարեկարգման համար: Իհարկե, շաբաթվա ընթացում կարելի էր ավել շատ աշխատանք կատարել, բայց առաջընթաց կա»,-լրագրողների հետ զրույցում իր տպավորություններն է կիսել քաղաքապետը:
«Վերնիսաժի» առեւտրականների` ամռանն ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատելու առաջարկին ի պատասխան, քաղաքապետն ասել է, որ դրանում ոչ մի վատ բան չի տեսնում: «Եթե կարողանանք տարածքը պահել նորմալ սանիտարական պայմաններում, եւ դա քաղաքացիների համար խնդիրներ չառաջացնի, ապա այստեղ ոչ մի անտրամաբանական բան չեն տեսնում»,-ասել է նա:
Տարածքի վարձակալ Հարություն Նավասարդյանն իր հերթին նշել է, որ արդեն պատվիրված են 300 տաղավարներ: Նա դժվարացել է սակայն ասել, թե որքան ներդրում կպահանջվի տարածքի բարեկարագման ծրագրի իրականացման համար, սակայն ասել է, որ խոսքը մեծ գումարների մասին է: Նա հավաստիացրել է, որ բարեկարգումից հետո առեւտրականներից գանձվող վարձակալության գումարները չեն ավելացվի. ներկայումս դրանք 300-2000 դրամի շրջանակում են:
Բարեկարգումը նախատեսվում է ավարտել 1,5-2 ամսից:





























