ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ օրերս Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած 2010թ.-ի բյուջեի նախագիծը որեւէ աղերս չունի իրականության հետ: «Այդ փաստաթուղթը ռոմանտիզմի շարքից է, կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագիրը՝ տապալված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական 2010թ.-ի բյուջեի նախագիծը:
Ասուլիսի մյուս բանախոս, Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը իր հերթին նկատեց, որ դեռ ծանոթ չէ բյուջեի նախագծին, հետեւաբար չի կարող կարծիք հայտնել:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի կառավարության նիստում հավանության էր արժանացել 2010թ. բյուջեի նախագիծը, որով 2010թ.-ին տնտեսության 1,2 տոկոս աճ էր կանխատեսվում:



























