Թուրքական կապիտալի ներդրումը հայաստանյան ձեռնարկություններում անթույլատրելի է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ դաշնակցական պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով ՀՅԴ բյուրոյի կազմած մի փաստաթուղթ, որում մանրամասնորեն շարադրված էին բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են ծագել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո։

Նրա կարծիքով, թուրքական կապիտալի ներդրումից պետք է զգուշանալ, որովհետեւ «Ճիշտ է, ՀՀ Սահմանադրությունն արգելում է օտարերկրացիներին սեփականատեր դառնալ Հայստանում, բայց Սահմանադրության մեջ չկա մի կետ, որ կարգելի օտարերկրյա կազմակերպություններին սեփականատեր դառնալը. սա ինքնին վտանգավոր է»:

Ի պատասխան նրա այս մտահոգության՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց, որ ճիշտ է, «վտանգներ կան եւ հնարավորություններն էլ վարդագույն չեն, բայց, ամեն դեպքում, չարժե հնարավորությունը ձեռքից բաց թողնել»: Նրա համոզմամբ, թուրքերի հանդեպ ունեցած անվստահությունը շատ բնական է, բայց մյուս կողմից ձեռնտու է հարուստ հարեւանի հետ նախատեսվող «տարեկան մինչեւ 130 մլն դոլարի ապրանքաշրջանառությունը եւ չարժե դրանից հրաժարվել»: