Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, այսօր` ապրիլի 20-ին շարունակվել է «Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» գործով դատավարությունը:
Դատարանն այսօր անցել է դատաքննության փուլը։
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ` պարբերականին մեղադրելով քոչարյանների բարի համբավը արատավորելու մեջ: Քոչարյանների ընտանիքը 6 մլն դրամի փոխհատուցում է պահանջում օրաթերթից՝ 3 մլն–ը դատական ծախսերի համար, իսկ մյուս 3 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Ռոբերտ Քոչարյանը թերթում տպագրված մի քանի նյութերի վերաբերյալ պահանջել էր հերքում, որոնք, թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հավաստմամբ, տպագրվել են: Սական, ըստ խմբագրի, հերքման տեքստերի հետ դրված հիշեցումները, որոնցում կրկին վերաշարադրվել է հրապարակման բովանդակությունը, Քոչարյան ընտանիքը համարել է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս:
Այսօրվա նիստում Քոչարյանների ներկայացուցիչը հայտարարել է, թե թերթում նշված հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը եւ վիրավորում եւ արատավորում են Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների համբավն ու արժանապատվությունը։
«Ժամանակի» ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին մանրամասնել է, որ 6 մլն դրամ փոխհատուցման պահանջն անհիմն է եւ ենթակա է մերժման: Նա մատնանշել է քոչարյանների ներկայացուցիչների կողմից կատարված խախտումները:
Դատավոր Արայիկ Մելքումյանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Հայցով վճիռը հրապարակվելու է մայիսի 5-ին:





























