Եվրոպական մի շարք բուքմեյքերական ընկերությունների գնահատականներով, Էմմիի Boom-Boom կատարումը «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ անցնելու ամենամեծ հնարավորություններ ունեցող երգերի առաջին եռյակում է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Եվրատեսիլ-Հայաստանի» մամուլի քարտուղար Տիգրան Դանիելյանը։

«Գոյություն ունեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ համագործակցող շուրջ 60 բուքմեյքերական ընկերություններ, որոնց մեծամասնության ուսումնասիրությունները հաստատում են՝ Էմմիի երգը ամենասիրված կատարումներից է, եւ մեծ է հավանականությունը, որ կհայտնվի եզրափակիչ փուլում»,- ասաց նա։

Հարցին, թե «Եվրատեսիլ-2011»-ի հայաստանյան պատվիրակությունը եւ անձամբ Էմմին ո՞ր երկրի ներկայացրած երգն է Boom-Boom-ի մրցակից համարում, Տիգրան Դանիելյանն ասաց, որ այդպիսիք չորսն են։ «Երգչուհին ֆավորիտ համարում է հատկապես Անգլիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչների երգերը։ Սակայն ընկերության եւ համերաշխության սկզբունքից ելնելով՝ բոլորի անունն այս պահին  չեմ կարող նշել»,- հավելեց նա։

Անդրադառնալով շոուի բեմադրության եւ հագուստների հարցին՝ «Եվրատեսիլ-Հայաստանի» մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Հունաստանում բավական հայտնի խորեոգրաֆ եւ եվրատեսիլյան մեծ փորձ ունեցող մեր հայրենակից Արմինե Զարյանի՝ Էմմի գլխավորած 4 հոգանոց հույն պարողների խումբը Հայաստան կժամանի ապրիլի 22-ին։ «Ապրիլի 22-29-ին ամեն օր փորձեր կարվեն, իսկ ամսի 29-ին Էմմին հույն տղաների հետ փրոմոտուրի շրջանակներում կմեկնի Գերմանիա»,- նշեց Դանիելյանը։

Ինչ վերաբերում է բեմական հագուստներին, ապա դրանք, Տիգրան Դանիելյանի խոսքով, պատրաստման փուլում են։

Նշենք, որ «Եվրատեսիլ 2011»-ը կանցկացվի մայիսի 10-14-ին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։  Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով։

Հատկանշական է, որ բրիտանական բուքմեյքերները «հավանական են համարում, որ «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը կհայտնվի լավագույն 10-յակում։ Ըստ նրանց՝ բացի Հայաստանից լավագույն տասնյակում տեղ կզբաղեցնեն նաեւ Գերմանիան, Դանիան, Բոսնիան, Իռլանդիան, Հունաստանը եւ Ադրբեջանը, իսկ հաղթողի տիտղոսը բաժին կհասնի Նորվեգիան ներկայացնող Ստելլա Մվանգին՝ Haba Haba երգով։