Թուրք-հունական սահմանին հավաքված փախստականների համար դեպի Եվրամիություն ճանապարհը փակ է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է DW-ը: 

«Եվրամիության եւ Թուրքիայի արտաքին սահմաններին՝ ցամաքում եւ ծովում, իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք տեսնում ենք փախստականների եւ ներգաղթյալների, որոնց թուրքական կողմն ասել է, որ դեպի ԵՄ նրանց ուղին բաց է, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Զայբերտը:

Հարցին, թե արդյոք արդարացի է միգրացիոն ճգնաժամից հետո կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ 2015 թվականը չպետք է կրկնվի, կառավարության ներկայացուցիչը դրական է պատասխանել:

Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացել է դեպի Հունաստ սահմանը հազարավոր փախստականների համար:

Մերկելն անընդունելի է անվանել Թուրքիայի որոշումը: Նրա խոսքով՝ Անկարան ձգտում է այդ հարցում աջակցություն ստանալ ԵՄ-ից, սակայն անընդունելի է այդ նպատակին հասնելու համար օգտագործել փախստականներին: