Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիան կոմայի վիճակից դուրս է եկել, «Sputnik-Աբխազիա»-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Ռենատ Կարչաան:
«Նկատվում է միանգամայն ակնհայտ դրական դինամիկա: Քանի որ կոման արհեստական էր, դեղորայքային բուժմամբ, դա արվել էր նրա առողջությունը պաշտպանելու նպատակով, հիմա այդ պաշտպանությունը հանվել է: Ասլան Բժանիան կոմայից դուրս է եկել, եւ նրա կյանքին ոչ մի բան չի սպառնում»,- շեշտել է նա:
Ռենատ Կարչաայի խոսքով՝ Ասլան Բժանիան բոլոր հարցերին համարժեք է արձագանքում, բայց առայժմ պատասխանում է միայն գլխի շարժումով:
«Շարժունակությունը, ձեռքերը, ոտքերը շարժվում են: Նախօրեին շահարկումներ եղան այն կապակցությամբ, որ նրա մոտ կաթված է, բայց, ինչպես հասկանում եք, նրա ներկայիս վիճակը այդ բոլոր ենթադրություններն ու լուրերը հանգեցում է ոչի»,- ասել է Կարչաան:
Նա հավելել է, որ բժիշկները պացիենտի հետագա բուժման առիթով զուսպ լավատեսական կանխատեսումներ ունեն:
«Որովհետեւ հետագա հետազոտություն է ընթանում, դեռեւս գործընթաց է ընթանում: Այստեղ ուղղակի պետք է համբերությամբ զինվել: Բժիշկների ախտորոշումն առայժմ նախնական է, ուստի այն չի կարելի հրապարակել, ախտորոշումը հստակեցման կարիք ունի, դրանից բացի, թունաբանության գծով անալիզները պետք է վերստուգվեն: Ընդամենը մեկ օր է անցել այն պահից, երբ նա իրեն վատ զգաց, ուստի որակյալ ախտորոշման համար բժիշկներին ժամանակ է պետք»,- նշել է Ռենատ Կարչաան:
Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիան շտապ հոսպիտալացվել էր մարտի 2-ին Սոչիում: ՆԳ նախարար Ռաուլի Սմիրը հայտնել էր, որ վիճակը գնահատվել է ծանր: Բժանիան սանիտարական ավիացիայի ուղղաթիռով Սոչիից տեղափոխվել է Կրասնոդար: Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան հայտնել էր, որ Սոչիի հիվանդանոցի բժիշկների առաջին ախտորոշումն է կաթվածը:
Աբխազիայի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար Թամազ Ցախնակիան դիմել է իր ռուս գործընկեր Միխայիլ Մուրաշկոյին եւ Կրասնոդարի երկրամասի առողջապահության նախարար Եվգենի Ֆիլիպովին՝ խնդրելով աջակցություն ցույց տալ Աբխազիայի նախագահի թեկնածուին անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելու հարցում:
Պետության ղեկավարի պաշտոնակատար Վալերի Բգանբան Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել Բժանիայի հետ կապված իրավիճակի պատճառով եւ գլխավոր դատախազին հանձնարարել պարզել թեկնածուին շտապ հոսպիտալացնելու հանգամանքները:





























