ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտնել են առողջապահության մարմինների ներկայացուցիչները: Այդ ֆոնին ԱՄՆ իշխանությունները փորձում են պատրաստվել ինֆեկցիայի թվի աճին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Նրանցից 4-ը տարեցներ էին եւ ունեին ուղեկցող հիվանդություններ:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված ռիսկը ամերիկացիների համար ցածր է մնում:
Ավելի վաղ այդ օրը երկու բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է արտակարգ դրության մասին հարցը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Դեղագործական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտնել է, որ քննարկվում է նաեւ վիրուսից ամենաշատը տուժած երկրների համար մուտքի նոր սահմանափակումների հնարավորությունը:
ԱՄՆ Դեղերի եւ մթերքների որակի հսկողության վարչության ղեկավար Սթիվեն Հանը հայտարարել է, որ շաբաթվա վերջին կորոնավիրուսի մոտ միլիոն անալիզ կանցկացվի:
Վաշինգտոն նահանգում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 18-ի: Ակնկալվում է, որ վարակվածների թիվը կաճի մոտ օրերս:
Կիրակի օրվա դրությամբ հաստատված եւ ենթադրյալ դեպքերի թիվը ԱՄՆ-ում հասել է 91-ի:
Թրամփն ավելի վաղ հայտնել է, որ իր վարչակազմը դեղագործական ընկերություններին խնդրել է արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքները:
Առողջապահության ամերիկյան համակարգի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ մշակման ժամկետները կկազմեն մինչեւ 18 ամիս, եւ տվյալ հիվանդության բուժման մեթոդներ դեռ չկան, չնայած նրան, որ պացիենտները կարող են սիմպտոմատիկ բուժում ստանալ:





























