Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից թալիբների ուղղությամբ հարձակումից ընդամենը մի քանի ժամ անց Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները Կոնգրեսին հայտարարել են, որ ԱՄՆ եւ Թալիբանի միջեւ խաղաղության համաձայնագրի արդյունքները միանշանակ չեն, բայց թալիբները կատարում են համաձայնագրի մեծ մասը, փոխանցում է AP-ն:
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հարված են հասցրել թալիբներին այն բանից հետո, երբ վերջիններս հարձակում էին գործել աֆղանական անվտանգության ուժերի վրա: Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ «Թալիբան»-ը կատարում է համաձայնագրի դրույթները` չհարձակվելով ԱՄՆ-ի եւ կոալիցիոն ուժերի վրա, «բայց` ոչ բռնության մակարդակի նվազեցման առումով»:
ԱՄՆ այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ ավիահարվածը պետք է ուղերձ լիներ թալիբների համար առ այն, որ վերջին երկու օրվա ընթացքում աֆղանցիների վրա հարձակումների ուժեղացումն անընդունելի է:
Էսպերը նշել է, որ համաձայնագիրը ԱՄՆ-ին թույլ է տալիս գործել ի պաշտպանություն աֆղանական ուժերի: «Ես պարտավորություն եմ ստանձնել աֆղանցիների առջեւ: Մենք կշարունակենք պաշտպանել նրանց»,- ասել է նա:
Պաշտոնյաները համակարծիք են, որ թալիբների կողմից աճող բռնությունը կապված է Աֆղանստանի կառավարության կողմից հաջորդ շաբաթ նախատեսված համաաֆղանական բանակցություններին ընդառաջ հազարավոր թալիբան բանտարկյալներին ազատ արձակել հրաժարվելու հետ:
Ըստ ԱՄՆ պաշտոնյաներից մեկի` ավիահարվածը թալիբներին համոզելու փորձ էր ձեռնպահ մնալ աֆղանացիների դեմ հարձակումներից, որոնք ուժեղացել են վերջին 24-48 ժամվա ընթացքում: Պաշտոնյան ասել է, որ թալիբներին հաջողվել է պահել գրոհները ցածր մակարդակի վրա բռնության յոթօրյա կրճատման ընթացքում, եւ սպասվում էր, որ դա կպահպանվի:





























