ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Խավյեր Պերես դե Կուելյարը մահացել է 100 տարեկանում: Այս մասին Պերուի RPP ռադիոյի եթերում հայտնել է քաղաքական գործչի որդին:

Պերուի նախագահ Մարտին Վիսկարան Պերես դե Կուելյարի մահը մեկնաբանել է իր թվիթերյան էջում՝ նրան անվանելով «ականավոր պերուացի, մինչեւ ուղնուծուծը դիվանագետ, մարդ, որն իր կյանքն ու աշխատանքը նվիրել էր ի բարօրություն երկրի», փոխանցում է Euronews-ը:

Պերես դե Կուելյարը դիվանագիտական պաշտոնների է եղել 1940 թվականից սկսած, 69-71 թվականներին նա եղել է ԽՍՀՄ-ում Պերուի դեսպանը, 82-ին ընտրվել է ՄԱԿ 5-րդ գլխավոր քարտուղար եւ այս պաշտոնում աշխատել է երկու ժամկետ՝ մինչեւ 1991 թվականը: 1982 թվականին մասնակցել է Ֆոլկլենդյան կղզիների շուրջ անգլո-արգենտինական հակամարտության լուծման ուղիների որոնմանը, 1980-ականների վերջին աջակցություն է ցուցաբերել իրանա-իրաքյան հակամարտության կարգավորմանը: Նա նաեւ ապարդյուն փորձեր է ձեռնարկել Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին համոզելու զորքերը Քուվեյթից դուրս բերելու հարցում: