ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը Ռուսաստանին մեղադրել է Բաց երկնքի մասին պայմանագրի խախտման մեջ, որը կնքվել է երկու գերտերությունների զինված ուժերի միջեւ թափանցիկությունը մեծացնելու եւ վստահությունն ամրապնդելու հաշվարկով, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Կոնգրեսում լսումների ժամանակ ելույթ ունենալիս Էսփերը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին արգելել է թռիչքներ իրականացնել Կալինինգրադի երկնքում եւ Վրաստանի մերձակայքում, որոնք թույլատրելի են 18 տարի առաջ կնքված համաձայնագրով:
«Մեզ մերժել են թռիչքներ անցկացնել նաեւ զորավարժությունների շրջանների երկնքում,- ասել է նա: - Ինձ այս պահին պայմանագրի հետ կապված իրավիճակում շատ բան է տագնապելու տեղիք տալիս»:
Համաձայնագիրը, որը ստորագրել են եւս 32 երկրներ, մի պետության զինվորականներին թույլ է տալիս որոշակի թվով դիտորդական թռիչքներ կատարել մյուս պետության տարածքի երկնքում՝ իրազեկելուց կարճ ժամանակ անց:
Օդանավը կարող է զննել իր տակ եղած տարածքը՝ տեղեկություններ հավաքելով եւ լուսանկարելով ռազմական օբյեկտներն ու միջոցառումները:
Գաղափարն այն է, որ մրցակցող զինված ուժերը որքան շատ բան են իմանում միմյանց մասին, այնքան կոնֆլիկտի առաջացման հավանականությունը փոքր է:
Էսփերը հայտնել է, որ փետրվարին ՆԱՏՕ-ի պաշտապանության նախարարների հանդիպմանն այս հարցը չի բարձրացրել:
«ՆԱՏՕ-ի մեր շատ դաշնակիցների համար կարեւոր է ունենալ թռիչքներ իկրականացնելու միջոցներ»,- ասել է նա:
Դիտորդական թռիչքների համար Պենտագոնն օգտագործում է երկու հին OC-135 օդանավ, եւ Էսփերն ընդունել է դրանց արդիականացման անհրաժեշտությունը, չնայած Պենտագոնը դրա համար միջոցներ չի պահուստավորել:
«Այս պահին մենք առայժմ վերջնական որոշում չենք կայացնի, թե ինչ ենք անելու հետո, ես պատրաստ չեմ այդ օդանավերի մեջ լրացուցիչ միջոցներ ներդնել»,- ասել է նա:





























