Հայ քաղաքական գործիչների մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, պարբերաբար այցելում է եկեղեցի, մոմ վառում, մատաղ անում, տոնում եկեղեցական տոնացույցով սահմանված գրեթե բոլոր տոները, սակայն անհաղորդ է այդ տոների խորհրդին: Այս մասին են վկայում Սուրբ Հարության տոնին ընդառաջ նրանց շրջանում NEWS.am-ի անցկացրած հարցումները: Ապրիլի 21-ը Մեծ պահքի ավագ հինգշաբթին է, Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը: Մեզ հետ զրուցած պատգամավորները հիշատակության արժանի շատ բաներ խոստովանեցին, բայց ամենամեծ խոստովանությունը, թերեւս, այն էր, որ մեղսագործ են, ինչպես ամեն մի մահկանացու: Ի դեպ, նրանցից եւ ոչ մեկը պահքի մեջ չէր, հավանաբար` ծանրաբեռնվածության հետեւանքով:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց, որ «խորը հավատացյալ մարդ» է: «Բայց, ցավոք սրտի, անմեղ չեմ, մեղք գործում եմ, եւ երեւի թե ամեն օր»,- խոստովանեց պատգամավորը: Նա նշեց, որ եկեղեցի գնում է բավական հաճախ, բայց կարծում է, որ պետք է ավելի հաճախ գնա: «Ես եկեղեցու հետ նույնիսկ ֆորմալ ձեւով եմ կապված: Ես Սուրբ Զորավոր եկեղեցու խաչքավորն եմ արդեն մի քանի տարի: Ունեմ հինգ երեխա, բոլորին պարտադիր տանում եմ եկեղեցի, եւ նրանց դաստիարակում եմ այն ոգով, որ բարձրագույն արժեքն Աստված է, որից հետո գալիս է հայրենիքը, ապա` ընտանիքը»,- ասաց պատգամավորը: Նա համոզմունք հայտնեց, որ մարդու միակ փրկությունն Աստծո մեջ է: «Ոչ միայն երկնքում, այլ նաեւ երկրի վրա: Եթե դու երկրի վրա չունես Աստված, դու չունես փրկություն: Աստված մեկն է, նույն ինքն է, որը եւ երկնքում է, եւ երկրի վրա»,- նշեց Բադեյանը:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նույնպես այն քրիստոնյաներից է, ով եկեղեցի է հաճախում պարբերաբար, այցելում է հանրապետության բոլոր եկեղեցիներն ու  միշտ պատարագների է մասնակցում:  Նա սովորություն ունի 8 մոմ վառել` իր ընտանիքի անդամերի թվով: «Այդ 8 մոմը վառում եմ իմ իմ ընտանիքի անդամների երազանքների կատարման համար»,-ասաց մարզպետը: Իսկ ի՞նչ է նա խնդրում Աստծուն դիմելիս: «Աստծուն դիմում են նրանք, ովքեր նեղն են ընկնում: Նայած ինչ վիճակում ես դիմում եւ ինչ տրամադրությամբ: Մարդ կա` ասում ա` Աստված ջան, կյանքս առ, մեկն էլ ասում ա` փրկիր ինձ:

Ում մոտ ինչն ա պակաս, դա էլ խնդրում ա»,- հայտարարեց Շահգալդյանը: Հարցին, թե ինչի՞ կարիք ունի այս պահին նա, որով կդիմեր Աստծուն, Կոտայքի մարզպետը պատասխանեց. «Ախր Աստված հո չի՞ կարող բոլորի կարիքները կատարել: Ես  շատ հազվադեպ եմ դիմում, ասում եմ` առողջություն տուր իմ ընտանիքի անդամներին»: Իսկ պաշտոնի բարձրացման խնդրանքով  չե՞ք դիմում Բարձրյալին: «Եթե ես իմանայի, որ պաշտոնի բարձրացումը Աստծուց է կախված, հիմա վաղուց դիմած կլինեի: Այսուհետ կհետեւեմ ձեր խորհրդին»,-վստահեցրեց Շահգալդյանը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը եկեղեցի հաճախելու սովորություն ունի, սակայն ծիսակարգերին չի հետեւում: «Ես առիթը բաց չեմ թողնում, որ մտնեմ Աստծո տուն, բայց ծոմ պահել կամ մոլեռանդ բաներ չեմ անում: Ես մի քիչ ավելի աշխարհիկ մոտեցումներ ունեմ»,-նշեց Այվազյանը: Նա նշեց, որ իր օժանդակցությամբ Ջավախքում վերականգնվել է Սուրբ Կարապետ եկեղեցին: Վարդան Այվազյանը Աստծուց երկու բան է խնդրում` անձամբ իր համար առողջություն, իսկ երկրի համար` խաղաղություն:

«Պիտի շրջապատդ էլ նորմալ, բարեկեցիկ լինի, որ կարողանաս ապրել: Թե չէ մի սարի գլխին կարող ես քո նյութական բարիքների մեջ թավալ տալ, բայց դա ո՞ւմ է պետք»,-նկատեց պատգամավորը: Իսկ երբ իմացավ, որ իր գործընկերներից մեկը Աստծուց մեղքերի թողություն է խնդրում, զարմացած տոնով արձագանքեց. «Յա~, լավ ա: Բոլորն էլ ունեն մեղքերի թողության հետ կապված խնդիրը»: Իսկ ի՞նչ մեղքեր ունի Այվազյանը, որոնց թողության համար կդիմեր Աստծուն: Այս հարցին պարոն Այվազյանը չպատասխանեց, ասաց, որ «շատ ենք ծավալվում» եւ խնդրեց ընդհատել զրույցը, քանի որ «մարդկանց հետ նստած եմ, բան եմ քննարկում»:  

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ ասաց, որ եկեղեցի սկսել է հաճախել 4 տարեկանից, եկեղեցու հետ իմ կապը մոտ 50 տարվա պատմություն ունի: «Իմ լուսահոգի մայրը, որը հայոց լեզվի ուսուցչուհի էր, ամեն կիրակի ինձ տանում էր Վանաձորի Սուրբ աստվածածին եկեղեցի, ընդ որում, առավոտյան չէր թողնում, որ հաց ուտեմ: Գնում էինք, աղավնի էինք թռցնում, պտտվում եկեղեցու չորս կողմն ու մոմ վառում: Այսինքն, իմ մեջ հավատի նկատմամբ դաստիարակությունը մտցվել է դեռ փոքր հասակից»,- պատմեց Դալլաքյանը: Նա նշեց, որ այժմ էլ է եկեղեցի գնում, ընդ որում` սիրում է Աստծո տուն հաճախել մենակ, խմբակային այցելություններ չի սիրում:

Պատգամավորը եկեղեցի է այցելում շաբաթվա մեջ երկու-երեք անգամ, հիմնականում Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Կաթողիկե, Սուրբ Զուրավոր եւ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցիները: Դալլաքյանը չկիսվեց մեզ հետ, թե ինչ է խնդրում Աստծուց: «Եթե Աստված մի օր  հարկ համարի եւ նվաստիս կանչի իր մոտ ու հարց տա, թե ինչ ունեմ իրեն ասելու, կասեմ` շնորհակալություն, որ ինձ կյանք ես տվել»,-անկեղծացավ խորհրդարանականը:

Նրա սեղանին, ի դեպ, Հիսուս Քրիստոսի նկարն էր դրված, որը ԱԺ-ի իր սենյակում է 1995-ից, երբ որպես պատգամավոր ոտք է դրել ԱԺ:  «Երբ առաջին անգամ մտա իմ սենյակ, սեղանիս առաջին դարակում այդ նկարն էր: Աստված ինձ նշան է տվել եւ բերել խորհրարան»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ իր ամենասիրելի կինոնկարը Հիսուսի մասին հայերեն թարգմանությամբ ֆիլմն է: Դալլաքյանը մեզ հետ զրույցն անփոփեց այդ կինոնկարի ընթացքում հնչող ֆրազով. «Ես ամեն օր ձեզ հետ եմ, մինչեւ աշխարհի վերջը»: Աշխարհի վերջն էլ, ըստ պատգամավորի, Աստծո կամոք է լինելու:  

 

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը