Վատիկանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հաղորդում է Սուրբ աթոռի տպագրության ծառայության ղեկավար Մատտեո Բրունին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վատիկանի հիգիենայի եւ առողջապահության ամբուլատորիայում բժշկական ծառայություն է մատուցվել կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտին: Ամբողջ տեղեկությունը փոխանցվում է Իտալիայի կոմպետենտ իշխանություններին»,- ասել է Բրունին:  

Իտալիայում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 3858 դեպք, զոհերի թիվը հասել է 148-ի:

Անցած շաբաթ հաղորդվել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ թուլություն է նկատվել: Նա չեղարկել է մի շարք հանդիպումներ: Սակայն Բրունիի խոսքով՝ 83-ամյա պոնտիֆիկն իրեն լավ է զգում եւ կազդուրվում է: Կորոնավիրուսի հայտնաբերման համար անալիզ հանձնելու մասին տեղեկությունը Վատիկանում չեն հաստատել:

Մինչ այժմ Վատիկանում որեւէ սահմանափակող միջոց չի կիրառվել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: