Չինացի գիտնականներն ու առողջապահության ոլորտի փորձագետները, ովքեր ներգրավված են երկրում կորոնավիրուսների դեմ պայքարում, կարծում են, որ ամենավատն անցյալում է` չհամաձայնելով նախազգուշացումների հետ այն մասին, որ հիվանդությունը կարող է սեզոնային դառնալ կամ, ինչը ավելի մահաբեր է, այս տարի ավելի ուշ «երկրորդ ալիք» կարող է սկսվել, փոխանցում է Reuters-ը:
Քանի որ պանդեմիան շարունակում է տարածվել Չինաստանի սահմաններից դուրս, աճող թվով երկրներ նախապատրաստվում են ամենավատ սցենարին, որի դեպքում բռնկումը կավարտվի հաջորդ տարվանից ոչ շուտ:
Սակայն Չինաստանում բժշկական խորհրդատուները վստահություն են հայտնել, որ երկրի կողմից ձեռնարկված խիստ միջոցառումներն արդյունավետ են եղել, որպեսզի հաջորդ բռնկումը մի քանի շաբաթվա ընթացքում լիարժեք վերահսկողության տակ առնվի, գոնե` երկրի ներսում: Չնայած արտասահմանից «ներմուծված» դեպքերի վերաբերյալ մտավախություններին` փորձագետները նշում են, որ Չինաստանը պետք է կարողանա վերացնել COVID-19-ը այն նույն ձեւով, ինչպես դա արեց 2003-ին SARS-ի բռնկման ժամանակ: Ի վերջո, SARS-ը կանգնեցվեց այն բանից հետո, երբ կառավարությունը ախտորոշիչ եւ կարանտինային խիստ միջոցառումներ ձեռնարկեց:
Չինաստանի ցիտոկենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գաո Չժենլյանը պաշտոնական Daily Youth թերթին հայտնել է, որ երկիրը ձեռնարկել է կորոնավիրուսը հաղթահարելու համար անհրաժեշտ «100 քայլերից 99»-ը, բայց նաեւ նախազգուշացրել է, որ եթե վարակը դուրս գա վերահսկողությունից այլ երկրներում, դա «կարող է նվազեցնել Չինաստանի կողմից արված ծախսերի եւ զոհաբերությունների արժեքը»:
Չորեքշաբթի օրն Ուհան քաղաքում համաճարակի բռնկման սկզբից ի վեր վիրուսի «ներքին» փոխանցման նոր դեպք չի գրանցվել: Սակայն «ներմուծված» դեպքերը հասել են ռեկորդային մակարդակի` 34-ի: Ընդ որում, հինգ օր անընդմեջ դրանց թիվը գերազանցում էր երկրի ներսում վարակի փոխանցման դեպքերի քանակը:
Մոլեկուլային կենսաբանության համալսարանի տնօրեն Իեն Հենդերսոնն ասել է, որ վիրուսը զսպելու ուղղությամբ Չինաստանի ջանքերն «արտակարգ» են, բայց կարող է երկրորդ բռնկումը լինել, այս անգամ` ներմուծված:
Որոշ փորձագետներ խոսում են այն մասին, որ COVID-19-ը սովորական գրիպի նման սեզոնային հիվանդություն կարող է դառնալ:





























