Տարատեսակ հանդիպումները, հավաքներն ու տոնակատարությունները, այդ թվում՝ կրոնական, հնարավոր է բարդացնեն իրավիճակը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ՝ արտակարգ դրությունների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տարատեսակ հանդիպումները, հավաքներն ու տոնակատարությունները, այդ թվում՝ կրոնական, շատ կարեւոր են,-նշել է նա՝ խոսելով ուրբաթ լույս գիշերը կայացած Նովրուզի (Նոր տարի Իրանի արեւի օրացույցի համաձայն) տոնակատարության մասին Մերձավոր Արեւելքի տարբեր երկրներում:-Սակայն տվյալ պահին անհրաժեշտ է փոխել դրա անցկացման ձեւերն այնպիսի երկրներում, ինչպես Իրանն է: Անհրաժեշտ է ֆիզիկապես հեռացնել մարդկանց միմյանցից հիվանդության տարածումը կանխելու համար»:
Փորձագետն ընդգծել է, որ զանգվածային հավաքները, որոնց ընթացքում մարդիկ ամբողջ երկրից սկզբում հավաքվում են միեւնույն վայրում, այնուհետեւ տարածվում ամբողջ երկրով մեկ, կարող են ոչ միայն բարդացնել իրավիճակը, այլ նաեւ նպաստել հիվանդության տարածմանը: «Նրանք կարող են լինել շատ վտանգավոր,-ընդգծել է Ռայանը:-Այդ իրավիճակում մարդկանց անհրաժեշտ է լսել Իրանի եւ Մերձավոր Արեւելքում մյուս երկրների իշխանությունների հրահանգներին, որպեսզի տարբեր մասշտաբների զանգվածային հավաքները բացառվեն: Իսկ մենք կաջակցենք կառավարության այդ ջանքերին»:
«Դա վերաբերում է ցանկացած այլ հանդիպումներին եւս,-հավելել է նա:-Որքան էլ կարեւոր եւ լավ պատճառներ ունենաք, չպետք է հավաքվել, մեզ անհրաժեշտ է լսել տեղական եւ ազգային իշխանություններին: Եւ եթե ազգային իշխանությունները գտնում են, որ այդ հանդիպումները վտանգ են ներկայացնում, ապա մենք պետք է հետեւենք նրանցհորդորին՝ անձնական պատասխանատվություն կրելով»:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերի վերջում Կենտրոնական Չինաստանում, ավելի ուշ տարածվել էր ավելի քան 140 երկրում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել որպես պանդեմիա: Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվել է ավելի քան 240 հազար մարդ, գրանցվել է շուրջ 10 հազար դեպք մահվան ելքով:
Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները գտնվում էին Կում քաղաքում: Ըստ վերջին տվյալների՝ իսլամական հանրապետությունում վարակվածների թիվը կազմում է 19644, գրանցվել է առնվազն 1433 մահ կորոնավիրուսի հետեւանքով:





























