Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2009 թվականին երկրորդ անգամ է անցկացրել Համաշխարհային առևտրի խթանման համեմատական վերլուծությունը 121 երկրների համար: Ըստ այդմ, Հայաստանը առեւտրի խթանման ամփոփ ցուցչով զբաղեցնում է 64-րդ տեղը, որը երկրորդն ԱՊՀ երկրների շարքում:

Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առևտրի հոսքերի ազատությունը պայմանավորող գործոնները և քաղաքականությունները նկարագրող 4 հիմնական ոլորտների ցուցիչների հիման վրա: Դրանք են շուկայի մուտքի ցուցիչը, սահմանային վարչարարության ցուցիչը, տրանսպորտի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ցուցիչը եւ գործարար միջավայրի ցուցիչը:

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքերը զգալիորեն բարելավվել են տրանսպորտի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ենթացուցիչով, իսկ նվազել` գործարար միջավայրի որակի առումով: Մասնավորապես, գործարար միջավայրի որակի ցուցիչը նվազել է 11 կետով: Դրանից զատ, 121 երկրների շարքում Հայաստանը մի շարք ցուցանիշներով վատ արդյունքներ է արձանագրել: Մասնավորապես, արտահանման եւ ներմուծման ոլորտում անօրինական մուծումներով մեր երկիրը 115-րդ տեղում է, մաքսային սահմանափակումներով` 109-րդ տեղում, իսկ ազդեցության չարաշահման ցուցանիշով` 104-րդ տեղում:

Զեկույցում ներառված երկրներից կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը և Հոնկոնգը: