WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նախարարության գաղտնի նյութերի տվյալներ, որոնք վկայում են, որ Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազայում, ուր 2002-ից ահաբեկչության մեջ կասկածվող օտարերկրացիներ են պահվում, հարյուրավոր անմեղ մարդիկ են եղել։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, փաստաթղթերը տվյալներ են պարունակում Գուանտանամոյում երբեւէ եղած բոլոր 779 մարդկանց մասին։ Համաձայն փաստաթղթերի, նրանցից միայն 220-ն են դիտվել որպես վտանգավոր ահաբեկիչներ։ 380-ը եղել են աֆղանցի եւ պակիստանցի շարքային զինյալներ, 150-ը՝ ահաբեկչական գործունեության հետ որեւէ կապ չունեցող այդ երկրների քաղաքացիներ։ Ամենաերիտասարդ բանտարկյալը 14 տարեկան է, ամենատարեցը՝ 89 տարեկան։
WikiLeaks-ի կողմից հրապարակված նյութերն ուղեկցվում են Գուանտանամոյի բանտարկյալների լուսանկարներով։
Ինչպես գրում է «Ռոսբալտը», Վաշինգթոնը հանդես է եկել WikiLeaks-ի հերթական «արտահոսքի» վերաբերյալ մեկնաբանությամբ՝ այն համարելով անհաջող որոշում։





























