«ՎիվաՍել –ՄՏՍ-ը հովանավորում է „Հայաստան“ համահայկական հիմնադրամի 2009 թվականի մարաթոնը եւ մեր ընկերությունը ուրախ է համահայկական նախաձեռնության մասը լինելու համար։ Հույս ունենք, որ այս ծրագիրը իրոք կիրականացնի այնպիսի գործեր, որ իրոք օգտակար կլինեն մեր հայրենակիցներին եւ այն ժողովուրդին, որ գտնվում է սահմանամերձ գյուղերում եւ որոնք կյանքի բարելավման կարիք ունեն»,- այս մասին հոկտեմբերի 2-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխսվոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դրամահավաքի կազմակերպման եւ իրականացման համար նախատեսում է հատկացնել 163 միլիոն ՀՀ դրամ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ ուրախալի է, որ անգամ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի հրաժարվում իր համար ավանդական դարձած վարքագծից եւ հեռուստամարաթոնի հովանավորների շարքում կրկին առաջատար է։

«Ուզում եմ գործարար հանրությանը կոչ անել այս նախաձեռնության մեջ ակտիվորեն ներգրավվելու, եւ այս ազգանվեր գործում սեփական լուման ներդնելու համար»,-հայտարարեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը։

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որը այս տարի նոյեմբերի 26-ին կհեռարձակվի Լոս Անջելեսից։ Հավաքված հանգանակությունները կուղղվեն Շուշիի ենթակառուցվածքների վերականգնմանը, որի հետ միաժամանակ կշարունակվի նաեւ Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագիրը։