Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահին եւ ԳԱԱ նախագահին՝ դատապարտելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները եւ ԳԱԱ հիացական հավանությունները՝ իշխանությունների վարած քաղաքականությանը: ԳԱԱ-ում նաեւ ստորագրահավաք է ընթանում այդ կապակցությամբ:

«Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ ՀՀ ԳԱԱ-ն նեղ շրջանակով հրավիրել է ընդհանուր ժողով, որտեղ քննարկվել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, եւ հանրապետության գիտաշխատողների անունից փաստաթղթին հավանություն է տրվել:

Ցավով պետք է նշել, որ նորից ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը, հավատարիմ մնալով իր գործելաոճին՝ շատ նեղ շրջանակում ընդունված որոշումը հանրությանը ներկայացնում է համակարգի բոլոր գիտաշխատողների անունից: Եթե այլ հարցերում մեր հանրապետության գիտաշխատողները, հաշվի առնելով տարբեր ներքաղաքական իրավիճակներ, չեն բարձրացրել իրենց բողոքի ձայնը, դեռ չի նշանակում, որ պետության եւ պետականության համար այս խիստ կարեւոր հարցի կապակցությամբ էլ մենք լռակյաց թույլ կտանք մի խումբ անսկզբունքային „առաջնորդների“ ուզուրպացնել մեր կարծիքն ու հանդես գալ մեր անունից:

Ամենեւին դեմ չլինելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, նախաստորագրված փաստաթղթերում ակնհայտորեն տեսնում ենք Թուրքիայի կողմից թելադրված նախապայմանները եւ „ոչ“ ենք ասում այդ փաստաթղթին:

Մենք գերադասում ենք մեր ազգի եւ պետության արժանապատվությունը ցանկացած տնտեսական, այն էլ կասկածելի, շահից եւ հանրապետության բոլոր գիտաշխատողներին կոչ ենք անում միանալ մեզ»,- ասված է գիտաշխատողների տարածած բաց նամակում: