Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին այսօր չեն վիրահատի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով`Նազիկ Ավդալյանի վիճակը կայուն է, որեւէ բարդություն չի եղել, իսկ այժմ ընթանում է վիրահատության նախապատրաստական աշխատանքներ: Հավանաբար նրան կվիրահատեն վաղը:

Հիշեցնենք, որ չեմպիոնուհին երեկ` ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային  շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Երեկ երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ։ Նա առայժմ չնշեց, թե երբ եւ որտեղ է տեղի ունենալու վիրահատությունը, հավելելով, որ «Էրեբունիում» կան անհրաժեշտ բոլոր միջոցներն ու տեխնիկան`վիրահատությունը կատարելու համար: Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ավելի վաղ, ապրիլի 26-ին նրան էր այցելել նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:
Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել: