«Ուզում ես հղիանա՞լ իմ տղայից» արտահայտությունը, որով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Ռուբեն Հայրապետյանը դիմել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողին, ըստ Հայրապետյանի, հայհոյանք չէ: «Լավ բան եմ առաջարկել, առողջ, գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենան»,-հայտարարեց Հայարպետյանը`ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա, ի դեպ, սեռական բնույթի հայհոյանք էր տվել նաեւ «Հետք» կայքի լրագրողին, ով դատի էր տվել պատգամավորին: Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ նախադեպը պատճառ է դարձել, որպեսզի  Հայրապետյանը հարգալից լինի լրագրողնրեի հանդեպ եւ չհայհոյի այլեւս, պատգամավորն արձագանքեց. «Ես լրագրողին չեմ հայհոյել, միշտ հարգալից եմ վերաբերվել լրագրողների հետ, երբ որ լրագրողը փորձել ա իմ նկատմամբ հարգալից լինել»:

Քիչ անց դիմելով ներկա լրագրողներին` պատգամավորը հայտարարեց, որ եթե որեւէ մեկը փորձի իր նկատմամբ ոտնձգություն անել, «հաստատ շատ ավելի վատ կվարվեմ»:  Նա նշեց, որ լրագրողին հայհոյելու պատճառ է հանդիսացել վերջինիս համառւթյունը: «Ես պառկած եմ հիվանդանոցում ու ինքն ինձ զանգում ա: Ասում եմ` հիվանդանոցում եմ ու անջատում եմ հեռախոսը: Նա նորից երեք անգամ զանգում ա: Այսինքն, ես բուժվելու իրավունք չունե՞մ»,-տարակուսեց ՀՖՖ նախագահը: Իսկ հայհոյելու իրավունք ունե՞ք` լրագրողներից մեկի ճշտմանը Հայրապետյանն արձագանքեց. «Իհարկե ոչ, ո՞վ ա ասում ունեմ: Ես իմ համար խոսել եմ, միացրած եմ թողել իմ հեռախոսը, ինքն էլ լսել ա: Ես հո չե՞մ ուզեցել իրան հայհոյեմ»: Հայրապետյանը, ով վրդովված էր երեւում հարցից, առաջարկեց հարցն ուղղած լրագրողին «Կոկալ-կոլա» խմել, թարմանալ: Ապա վերցրեց սեղանին դրված «Կոկա-Կոլայով» լի բաժակն եւ հետեւեց իր  իսկ խորհրդին:

Ուշագրավ է, որ ասուլիսին ներկա էր նաեւ «Կոկա-Կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը, ով  զարմացած հետեւում էր լրագրողի եւ Հայրապետյանի երկխոսությանը: