Մաուլեն Աշիմբաեւը Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահ է ընտրվել, Tengrinews.kz-ի թղթակցի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատել է նախագահի մամուլի խոսնակ Բերիք Ուալին:
Պետության ղեկավարի հրամանով Մաուլեն Աշիմբաեւը նշանակվել է Խորհրդարանի Սենատի պատգամավոր: Մինչ այդ նա զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ` մայիսի 2-ին, դադարեցվել էին Սենատի պատգամավոր Դարիգա Նազարբաեւայի լիազորությունները:
Աշիմբաեւը ծնվել է 1971 թվականին Ալմաթիում: 1993-ին ավարտել է Ղազախստանի պետական ազգային համալսարանը: 2016 թվականին ավարտել է նաեւ Թաֆթսի համալսարանը, Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (ԱՄՆ): Քաղաքական գիտությունների թեկնածու է, միջազգային հարաբերությունների մագիստրոս:
Տարբեր տարիներին նա աշխատել է որպես ավագ փորձագետ, ոլորտի ղեկավար, նախագահի աշխատակազմի վերլուծության եւ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարի առաջին տեղակալ: Զբաղեցրել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի վերլուծական կենտրոնի ղեկավարի պաշտոնը: Զբաղեցրել է նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները:
2012 թվականից մինչեւ 2016 թվականը Մաուլեն Աշիմբաեւն աշխատել է V գումարման Խորհրդարանի Մաժիլիսի կազմում: 2016-ի մարտին դարձել է VI գումարման ստորին պալատի պատգամավոր: 2018-ի փետրվարից մինչեւ 2019-ի հունիսը զբաղեցրել է Nur Otan կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:
2019-ի գարնանը Աշիմբաեւը ղեկավարել է նախագահի թեկնածու Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի նախընտրական շտաբը եւ նրա վստահված անձն է եղել: 2019-ի հուլիսի 30-ին նշանակվել է նախագահի օգնական, իսկ 2019-ի դեկտեմբերի 18-ից դարձել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը:





























