Անցյալ տարվա հոկտեմբերին Վենեսուելայի ընդդիմությունը փորձել է ամերիկյան Silvercorp մասնավոր ռազմական ընկերության հետ գործարք կնքել երկիր ներխուժման ծառայություն մատուցելու եւ նախագահ Նիկլոլաս Մադուրոյին տապալելու շուրջ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով 42-էջանոց փաստաթղթի պատճենը:
Պայմանագրում մանրամասն նկարագրվում են բոլոր մարտավարական մանրամասները՝ ներառյալ այն, թե ինչ ֆուգասային ռումբեր պետք է տեղակայվեն եւ ինչ հատուկ միջոցներ է անհրաժեշտ օգտագործել պատվերը կատարելիս: «Նախագծի նախնական փուլ» բաժնում նշվում է, որ դրա ընդհանուր արժեքը գնահատվում է 212,9 մլն դոլար:
Փաստաթղթի տեքստում, որը պարբերականը հրապարակել է, նշված է, որ «ծառայություններիի մատակարար խումբը կխորհրդակցի եւ գործընկերներին կօգնի ծրագրել ու իրականացնել Նիկոլաս Մադուրոյին վերցնելու/ձերբակալելու/հանելու, ինչպես նաեւ ներկայիս ռեժիմին հեռացնելու եւ Վենեսուելայի ճանաչված նախագահ Խուան Գուայդոյին հաստատելու գործողությունը»:
Վենեսուելական կողմից պայմանագիրը ստորագրել է ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Սերխիո Վերգարան: Փաստաթղթի տակ չկա ընդդիմության առաջնորդ եւ Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի ստորագրությունը: Սակայն այն եղել է ընդդիմության եւ Silvercorp-ի միջեւ ընդհանուր ծառայության մասին 6-էջանոց պայմանագրի տակ, որը եւս պարբերականը հրապարակել է:



























