ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խնդրել է հիշել 1945-ի դասերը, երբ ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը: Գլխավոր քարտուղարը նշել է, որ հիշատակի եւ հաշտության այս օրը մարդիկ հարգանքի տուրք են մատուցում պատերազմի ընթացքում զոհված միլիոնավոր մարդկանց, գրում է ՌԲԿ-ն:
Ըստ նրա` պետք չէ մոռանալ նացիստների կողմից գործած Հոլոքոստի եւ այլ հանցագործությունների մասին: Գուտերելը հայտարարել է, որ 1945-ի մայիսին բռնապետության եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից հետո նոր դարաշրջան է սկսվել:
Գլխավոր քարտուղարը նշեց, որ ընդհանուր մարդկայնության եւ միջազգային համերաշխության կարեւորության գիտակցումը հանգեցրին ՄԱԿ-ի ստեղծմանը` ապագա սերունդներին պատերազմի աղետներից փրկելու համար: Սակայն աշխարհը շարունակում է տառապել հակամարտություններից:
«75-ամյակի կապակցությամբ եկեք հիշենք 1945-ի դասերը եւ միասին աշխատենք, որպեսզի վերջ տանք համավարակին եւ խաղաղության, անվտանգության եւ արժանապատվության ապագա կերտենք բոլորի համար»,- ասել է Գուտերեշը:
Եվրոպայում Հաղթանակի օրը նշվում է մայիսի 8-ին` Գերմանիայի կապիտուլյացիայի օրը: ԽՍՀՄ-ում, դա մայիսի 9-ի գիշերն էր: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի զանգվածային միջոցառումներ չի հաջողվի անցկացնել:




























