Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը եւ BND գերմանական հետախուզական գործակալությունը մասնավոր կարգով կասկածի տակ են դրել Միացյալ Նահանգների պնդումներն առ այն, որ կորոնավիրուսի բռնկման աղբյուրը, իբր, չինական լաբորատորիաներից մեկն է, հայտնում է DW- ն:

Ներքին օգտագործման հուշագիր, որը պատրաստվել էր Գերմանիայի Պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ-Կարենբաուերի համար, ամերիկյան մեղադրանքները «Վաշինգտոնի կողմից թույլ տրված սխալներից ուշադրությունը միտումնավոր կերպով շեղելու փորձ է համարում»,- հայտնում է Der Spiegel պարբերականը` վկայակոչելով այդ փաստաթղթի պատճենը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է «շեղել ուշադրությունն իր սեփական սխալներից եւ ամերիկացիների զայրույթն ուղղել Չինաստանի դեմ»,- Der Spiegel-ը մեջբերում է հատված հուշագրից: Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, AFP-ի հարցմանն ի պատասխան, հրաժարվել է հաստատել այդպիսի փաստաթղթի առկայությունը:

Միեւնույն ժամանակ, NDR հասարակական-իրավական ընկերությունը կասկածի տակ է դրել Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի եւ Կանադայի կողմից այսպես կոչված «Հինգ աչքի» դաշինքի համատեղ հետախուզական զեկույցի առկայությունը, որում Չինաստանը մեղադրվում է Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման նշանակության փոքրացման մեջ:

NDR-ն հայտնում է, որ BND-ի ղեկավարությունը խորհրդարանական փակ լսումների ընթացքում Բունդեսթագի պատգամավորներին հայտնել է, որ «Հինգ աչքի» իրենց գործընկերները տեղյակ չեն եղել նման զեկույցի գոյության մասին: Դաշնային կանցլերի գրասենյակը, որը վերահսկում է BND-ի գործունեությունը, դեռ չի մեկնաբանել այս հաղորդումը: