Վրաստանը չի խզի Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերություններն այդ երկրում Միխեիլ Սաակաշվիլիին բարձր պաշտոնի նշանակման պատճառով, սակայն պաշտպանության մարտավարություն կմշակի նրա արկածախնդրության դեմ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հայտնում է «Նովոսի-Գրուզիա»-ն:
Մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել էր Բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ: Դրան նախորդել էին վրացական ներկայիս իշխանությունների, այդ թվում` վարչապետի եւ նախագահի հայտարարությունները Սաակաշվիլիին Ուկրաինայում ցանկացած բարձր պաշտոնի նշանակելու անընդունելիության մասին: Մայիսի 8-ին Վրաստանի արտգործնախարարությունը խորհրդակցությունների է կանչել Ուկրաինայում իր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին:
«Մենք կասկածի տակ չենք դնի մեր ռազմավարական գործընկերությունը, մեր երկրների եւ ժողովուրդների եղբայրությունն առանձին վերցված անպատասխանատու քաղաքական գործիչների պատճառով: Չնայած մենք հետ ենք կանչել մեր դեսպանին, դա չի նշանակում, որ մենք կասկածի տակ ենք դնելու դիվանագիտական հարաբերությունները կամ ռազմավարական գործընկերությունը: Մենք դեսպանին հետ ենք կանչել միայն մեր հարաբերություններն արկածախնդիրներից պաշտպանելու թեմայով խորհրդատվություններ անցկացնելու համար»,- ասել է Գախարիան:
Ընդ որում, վարչապետը հասկացրել է, որ վախենում է Սաակաշվիլիի կողմից «Վրաստանի ներքին գործերին միջամտությունից»: Գախարիան ցանկանում է ուկրաինական կողմից երաշխիքներ ստանալ, որ դա տեղի չի ունենա: Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ Օդեսայում` Սաակաշվիլիի նահանգապետ լինելուց հետո Վրաստանից եւ Ուկրաինայից մեծ ջանքեր պահանջվեցին «հարաբերությունները նորմալ, ռազմավարական դաշնակցության շրջանակներ վերադարձնելու համար»:
«Մենք հետ ենք կանչում դեսպանին, որպեսզի այդ քաղաքական արկածախնդիրները չխառնվեն մեր եղբայրական եւ ռազմավարական գործընկերությանը եւ չվտանգեն այդ հարաբերությունները: Սա մեզ համար ամենակարեւորն է: Արդյունքում անհրաժեշտ է, որպեսզի ինչ-որ մեկը, կամ չունի, թե ով, ասի, որ կապահովի, որպեսզի ապագայում այլ երկրի գործերին միջամտությունը չշարունակվի, թե ինչպես է նա զսպելու Միխեիլ Սաակաշվիլիին, որպեսզի նա զերծ մնա Վրաստանի ներքին գործերին միջամտելուց: Ինձ դա շատ հետաքրքիր է, եւ ես կհետեւեմ»,- ասել է Գախարիան:
Վրացական իշխանությունների որոշումը Կիեւից իրենց դեսպանին հետ կանչելու մասին Զելենսկին սխալ էր անվանել: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել էր, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, եւ յուրաքանչյուր պետության կադրային քաղաքականությունը վերաբերում է միայն այդ պետություններին եւ դրանց քաղաքացիներին:




























