Չինական Ուհան քաղաքի իշխանությունները հնարավոր չեն համարում նոր կորոնավիրուսի կրկնակի ալիքը եւ համընդհանուր անվտանգության ապահովման համար պահպանում են համաճարակաբանական վերահսկողության խիստ միջոցառումները: Այս մասին այսօր հայտնել է հիգիենայի եւ առողջապահության հարցերով տեղական կոմիտեն՝ մեկնաբանելով վերջին օրերին հիվանդացածների թվի աճի վերսկսումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ընթացիկ պահին քաղաքում շարունակվում են վիրուսի դեմ պայքարի խիստ միջոցառումները, եւ մենք վճռականորեն թույլ չենք տա համաճարակի կրկնակի ալիք»,- նշված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ Ուհանում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով 5 նոր հիվանդացած՝ 29-ից մինչեւ 81 տարեկան բնակիչներ, որոնք նախկինում դասվել էին առանց ախտանիշների վարակակիրների շարքին: «Մենք շարունակում ենք ձեռնարկել մանրամասն մշակված վերահսկողության միջոցառումներ նորմալ իրավիճակի պահպանման համար»,- հայտնում է քաղաքի վարչակազմը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ուհանում (Հուբեյ նահանգի վարչական կենտրոն), որտեղ 2019 թվականի դեկտեմբերին առաջին անգամ հայտնաբերվել էր կորոնավիրուսը, հիվանդների թիվը կազմում է 6: Հուբեյում կարանտինի մեջ բժիշկների հսկողության ներքո են ընդհանուր 615  վարակակիրներ, որոնց մոտ ախտանիշներ չկան: