Ֆրանսիայի իշխանությունները երկուշաբթի սկսում են երկիրն աստիճանաբար կարանտինից դուրս բերելու գործընթացը, որը մտցվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով: Որոշումն անցյալ շաբաթ ընդունել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, վարչապես Էդուար Ֆիլիպը եւ ստացել է խորհրդարանի հավանությունը: Երկիրը խիստ կարանտինի մեջ էր  56 օր շարունակ, այս ընթացքում մահացել է 26 հազարից ավելի մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Մայիսի 10-ին ՆԳ նախարար Քրիսթոֆ Քասթաները պարզաբանել է, որ «կարանտինից դուրս գալու գործընթացը Ֆրանսիայում աստիճանական կլինի եւ շատ շաբաթներ կտեւի»:

Երկուշաբթիից բոլոր քաղաքներում չեղարկվում է ձեւաթղթի կամ QR կոդով էլեկտրոնային անցագրի օգտագործումը, որով թույլ էր տրվում տանից դուրս գալ ոչ երկար ժամանակով: Հիմա, սակայն, Փարիզում աշխատանքի գնացողները պետք է ունենան սեփական ձեռագրով գրած բացատրական գրություն կամ գործատուի կողմից կնիքով հաստատված տեղեկանք, որում մասնավորապես նշվում է ուղեւորության ժամը:

Տրանսպորտի վիճակը

Հանրային տրանսպորտի ուղեւորները պարտավոր են այդ փաստաթուղթը ներկայացնել ստուգողներին, հակառակ դեպքում նրանց սպառնում է նվազագունը 135 եվրոյի տուգանք: Տուգանել են սկսելու չորեքշաբթիից: Ուղեւորները նաեւ պետք է կրեն դիմակներ:

Փարիզյան մետրոյի ամեն կառամատույցում տեղադրված են ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով ձեռքերի ախտահանման սարքեր: Միջանցքների հատակին կան սլաքներ եւ սահմանափակող ուղեշերտեր, իսկ կայարաններում նշված են վայրերը, որոնք պետք է գրավել հեռավորություն պահպանելու համար: Նույն նպատակով վագոններում որոշ նստատեղեր փակված են ժապավենով:

Գիծ դուրս կգա տարածաշրջանային գնացքների մոտ 60 տոկոսը եւ TGV բարձր արագությամբ ճեպընթացների 25 տոկոսը, որոնք կապում են երկրի գլխավոր քաղաքները: Երկաթուղային կայարաններում պետք պարտադիր դիմակ կրել: Երկաթուղային տրանսպորտի գլխավոր վարչությունը ուղեւորներին հանձնարարել է նաեւ ուղեւորության ժամանակ հետը ունենալ ձեռքերի հականեխիչ գել: Երկաթուղու աշխատակիցներին հրահանգվել է կայարաններում թույլ չտալ մարդկանց մեծ կուտակումներ, քանի որ որոշակի հանգամանքների դեպքում դրանք կարող են փակել:

Երկուշաբթի գործարվելու է մայրաքաղաքի վերգետնյա եւ ստորգետնյա հանրային տրանսպորտի շարժակազմերի 75 տոկոսը: Փարիզի մետրոպոլիտենի 302 կայարաններից 60-ը փակ կլինեն: Պիկ ժամերին մետրո թույլ կտան մտնել հիմնականում նրանց, ովքեր աշխատանքի են գնում կամ վերադառնում են աշխատանքից, եւ ում մոտ տեղեկանք կա, ինչպես նաեւ այն անձանց, որոնք տրանսպորտի այս տեսակից են օգտվում՝ կապված արտակարգ իրադրութկյան հետ:

Սպասվում է, որ Փարիզի տարածաշրջանում գիծ դուրս կգա մերձքաղաքային էլեկտրական գնացքների մինչեւ 60 տոկոսը: Քասթաները հայտնել է, որ երկուշաբթի տրանսպորտային ընկերությունները իշխանությունների կողմից 10 մլն պաշտպանական դիմակներ կստանան, որը պետք է անվճար բաժանվի ուղեւորներին:

Բացվում են խանութներն ու ուսումնական հաստատությունները

Երկրում բացվում են բոլոր խանութները, բացի խոշոր առեւտրի կենտրոններից: Սուպերմարկետները բացվում են քաղաքների քաղաքապետերի թույլտվությամբ: Խանութների տերերը կարող են գնորդներից պահանջել դիմակ կրել:

Բացվում են շուկաները: Քաղաքների մեծ մասում այգիները եւ պուրակները փակ են մնում: Քաղաքային իշխանությունները կորոշեն լճերի եւ ծովափերի հասանելիության հարցը:

Երկրում չեն աշխատում թատրոններն ու համերգասրահները, այցելուների կարող են ընդունել միայն ոչ մեծ թանգարանները:

Բոլոր սրճարաններն ու ռեստորանները փակ են մինչեւ հունիս:

Երկուշաբթի դպրոցները բաց կլինեն աշակերտների համար: Մայիսի 11-ից կաշխատի 50,5 հազար դպրոց, որտեղ սովորում են ավելի քան 1,5 մլն աշակերտ 6,7 միլիոնից, աշխատանքի կգնա ուսուցչական անձնակազմի կեսը: Փարիզում դպրոցներն ու լիցեյները կաշխատեն մայիսի 14-ից: