Գերմանական Կոխի ինստիտուտը, որը Գերմանիայում իրականացնում է COVID-19-ի մշտադիտարկում, հայտարարել է մեկուսացման միջոցառումների մեղմումից մի քանի օր հետո կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի մասին: Ներկայումս երկրում կորոնավիրուսի ինդեքսը 1,1 է, ընդ որում՝ միավորից մեծ նիշը նշանակում է վարակման դեպքերի թվի աճ, փոխանցում է RG-ն: 

Մի քանի օր առաջ, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց կարանտինի մեղմացման մասին, ինդեքսը 0,7 էր:

Գերմանիայի դաշնային հողերի մեծ մասում իշխանությունները թույլ էին տվել բացել ոչ մեծ խանութները, երեխաներն աստիճանաբար սկսում էին դպրոցներ վերադառնալ: Մայիսի 9-ին դաշնային հողերի մեծ մասում զանգվածային ցույցեր էին ընթացել՝ սահմանափակումներն ընդհանրապես չեղարկելու պահանջով: Միայն Մյունխենում, չնայած Բավարիան մյուս դաշնային հողերից ավելի է տուժել կորոնավիրուսի հետեւանքով, ցույցի էր դուրս եկել ավելի քան 3 հազար մարդ: Գիտնականների կարծիքով՝  մարդկանց մեծ կուտակումներըն էլ հենց հանգեցրել են հիվանդացածների թվի կրկնվող աճին:

Կոխի ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 10-ին հիվանդացածների թիվն ավելացել է 667-ով՝ մինչեւ 169 218 մարդ, սա Եվրոպայում 6-րդ տեղն է: Մահացել է 26 մարդ (Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել է ընդհանուր 7 395 մարդ):

Բժիշկներն առայժմ չեն կարող ասել՝ արդյոք հետագայո՞ւմ էլ կաճի վարակվածների թիվը: Նրանք մի քանի օրվա կարիք ունեն, իրավիճակը վերլուծելու համար:

Մի քանի օր առաջ սահմանափակումների մեղմացման մասին հայտարարելով՝ Մերկելը նշել էր, որ դրանք դարձյալ կխստացվեն հիվանդացածների թվի աճի դեպքում: