Նիդերլանդների իշխանությունները թուլացրել են սահմանափակող միջոցները: Երկրում կվերսկսվի տարրական դպրոցների, մանկապարտեզների աշխատանքը, կբացվեն վարսավիրանոցները, ինչպես նաեւ գրադարանները: Բացի այդ, կհանվի թենիս եւ գոլֆ խաղալու արգելքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նիդերլանդներում առաջին անգամ սահմանափակումները թուլացել են ապրիլի 29-ին, սակայն այդ ժամանակ այդ միջոցը վերաբերում էր մարզասրահներում մարզումներին: Մինչեւ 12 տարեկան երեխաներին ֆիզիկական վարժությունները թույլատրված են, 12-18 տարեկաններին՝ մի շարք պայմանները կատարելով, ինչպես օրինակ՝ միմյանցից 1,5 մ հեռավորություն պահպանելը:

Մանկապարտեզներն ու հատուկ տարրական դպրոցները կբացվեն երկուշաբթի առանց սահմանափակումների: Տարրական դպրոցներում յուրաքանչյուր դասարան կբաժանվի 2 խմբի, որոնք դասերի կհաճախեն տարբեր օրերի: Մնացած երեխաները կշարունակեն հեռավար կրթությունը:

Մայիսի 11-ից կբացվեն նաեւ վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, մերսման սրահները եւ այլն: Նրանք եւս պետք է պահպանեն անվտանգության կանոնները:

Հունիսի 1-ից կաշխատի հասարակական տրանսպորտը. ուղեւորներն ու սպասարկող անձնակազմը պետք է դիմակ կրի: Կբացվեն նաեւ թատրոնները, կինոթատրոնները, ռեստորանները, թանգարաններն ու մշակույթի օբյեկտները: Այցելուների թիվը սահմանափակ կլինի: Հունիսի 2-ից կբացվեն միջնակարգ դպրոցները:

Ապագայի ծրագրեր

Հուլիսի 1-ից կաշխատեն քեմփինգները: Կվերսկսվի կրոնական հաստատությունների, կոնգրես կենտրոնների աշխատանքը, կթույլատրվեն հարսանեկան արարողությունները, որոնց կարող են մասնակցել մինչեւ 100 հյուրեր:

Սեպտեմբերի 1-ից կբացվեն սաունաները, մարզասրահները, կթույլատրվեն զանգվածային միջոցառումները:

Ավելի վաղ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն զգուշացրել է, որ եթե կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին կաճեն, սահմանափակող միջոցները չեն թուլացվի: