Ուզբեկստանի Սենատը երկուշաբթի կայացած լիագումար նիստում որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միությանը որպես դիտորդ երկրի մասնակցությանը հավանություն տալու մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են վերին պալատի լրատվական ծառայությունից:

2019 թվականի հունիսին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեեւը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու առիթով որոշում ընդունելիս երկիրը պետք է վերլուծի բոլոր մարտահրավերները: Այս տարվա հունվարին Միրզիեեւը հայտարարել էր, որ միությանը երկրի մասնակցության հարցը պետք է բազմակողմանիորն քննարկվի խորհրդարանում: Մարտի սկզբին երկրի կառավարությունը որոշում էր ընդունել խորհրդարանի 2 պալատների քննարկմանը ներկայացնել ԵՏՄ-ին որպես դիտորդ երկրի մասնակցության մասին առաջարկը: Ապրիլի վերջին խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել միությանը դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությանը:

Վերին պալատի խոսնակի խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է 100 գործող սենատորներից 91-ը: Այս որոշմանը կողմ է քվեարկել 71 սենարտոր, դեմ՝ 16, ձեռնպահ է մնացել 4 սենատոր:

ԵՏՄ շրջանակում համագործակցության հաստատման կողմնակիցների կարծիքով՝ այս կազմակերպությունում փոխգործակցությունը նպաստում է արտաքին առեւտրի ծավալների հետագա ընդլայնման հնարավորությանը, երկրում խոշոր ներդրումային նախագծերի, տարածքային կլաստերների իրականացմանը, արդյունաբերական եւ առեւտրային գոտիների կազմակերպման դեպքում տարածաշրջանային կապերի զարգացմանը, նշել են լրատվական ծառայությունից: «ԵՏՄ-ին որպես դիտորդ-պետություն Ուզբեկստանի մասնակցությունը հնարավորություն կտա տեղեկացված լինել այդ կազմակեորպության շրջանակում իրականացվող աշխատանքին, եւ վերլուծության հետեւանքով ճիշտ եզրակացության հանգել»,- նշել է Սենատի ներկայացուցիչը:

«Այս կազմակերպության հետ համագործակցությանը չաջակցած սենատորները կարծիք են հայտնել դրա հնարավոր հետեւանքների մասին. մեր տնտեսության մի շարք ճյուղերում արտադրության տեմպերի նվազում, որոշակի չափով աշխատատեղերի կորուստ, ներդրումային գործունեության եւ արդյունաբերության արդիականացման գործընթացների դանդաղում»,- հավելել են վերին պալատից:

COVID-19 նոր կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակման միջոցառումների պատճառով Սենատի նիստն ընթանում է տեսակոնֆերանսի ռեժիմում, Ուզբեկստանում կորոնավիրուսի  գրանցված դեպքերի թիվը կազմում է 2453, 10 պացիենտ մահացել է, 1856-ը՝ ապաքինվել: