Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Մարդկային եղբայրության» Գերագույն հանձնաժողովը կոչ է անում աշխարհի բոլոր ազգերին հինգշաբթի օրը` մայիսի 14-ին, իրենց կրոնին, հավատամքին եւ ուսմունքին համապատասխան, աղոթք հղել առ Աստված, ծոմ պահել եւ բարի գործեր կատարել, որպեսզի Աստված վերջ տա այս համավարակին, ազատի մարդկությանը ներկայիս տառապանքից եւ օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել եւ փրկել աշխարհը վիրուսի տարածման առողջապահական, տնտեսական եւ հումանիտար հետեւանքներից:
Աբու Դաբիում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եւ Ազհարի շեյխ Ահմադ ալ-Տայեբի միջեւ ստորագրված «Մարդկային եղբայրություն՝ հանուն գլոբալ խաղաղության եւ համակեցության» փաստաթղթի հիման վրա ձեւավորված հանձնաժողովը հայտարարել է․ «Նոր տիպի կորոնավիրուսի արագ տարծումը վտանգի է ենթարկում ողջ աշխարհը եւ սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին։ Եթե մենք հավատում ենք համաճարակի հաղթահարման գործում բժշկության եւ գիտական հետազոտոթյունների կարեւորությանը, ապա չպետք է մոռանանք նաեւ այս ճգնաժամի պայմաններում դիմել Աստծուն»:
«Մարդկային եղբայրության» փաստաթղթի նպատակների իրագործման Գերագույն հանձնաժողովն առաջարկել է գալիք հինգշաբթի օրը` մայիսի 14-ը, հայտարարել համընդհանուր աղոթքի եւ ծոմապահության օր՝ հորդորելով բոլոր կրոնական առաջնորդներին եւ ազգերին ականջալուր լինել այս մարդասիրական կոչին եւ միաձայն աղոթք հղել առ Աստված՝ այս համավարակին վերջ տալու եւ ողջ մարդկության համար անվտանգություն, կայունություն, առողջություն եւ առաջընթաց ապահովելու համար։




























