Դեմոկրատներից նախագահի թեկնածու Ջո Բայդենը Washington Post-ի իր հոդվածում քննադատել է կորոնավիրուսի հանդեպ դաշնային կառավարության քաղաքականությունը։

«Նպատակը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի) նույնքան ակնհայտ է, որքան անազնիվ է, նա հույս ունի երկիրը բաժանել հակամարտողող ճամբարների՝ դեմոկրատներին ներկայացնելով որպես ապոկալիպսիսի նախանշան, որոնք ուզում են Ամերիկան փակ պահել, իսկ հանրապետականներին՝ որպես ազատության մարտիկներ, որոնք փորձում են ազատել տնտեսությունը»,- գրել է նախկին փոխնախագահը՝ հավելելով․ «Դա երեխայական մարտավարություն է եւ կեղծ ընտրություն, որին մենք չպետք է ենթարկվենք»:

Բայդենը քննադատել է Թրամփի վարչակազմին՝ թեսթավորման համալիր ծրագիր չունենալու համար՝ նշելով, որ նախագահի հավաստիացումները, թե «յուրաքանչյուրը, ով ցանկանում է թեսթ անցնել, կարող է դա անել», «անամոթ սուտ է»:

Բայդենի խոսքերով՝ բիզնեսով զբաղվելու թույլտվությունը նշանակություն չունի, եթե սպառողները նյարդայնանում են հանրային վայրեր այցելելիս:

«Նահանգներն ու քաղաքները, որոնք փորձեցին վերաբացվել, հայտնաբերեցին, որ տնտեսությունը հնարավոր չէ միացնել պարզապես կոճակ սեղմելով՝ մարդկանց պետք է վստահություն, որպեսզի այն աշխպատի, եւ այդ վստահությունը պետք է նվաճվի վստահություն ներշնչող ղեկավարության ու անվտանգության կողմից»,- գրել է նա: