Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի հայտնել է, որ բուժման որոշ մեթոդները, կարծես, սահմանափակում են COVID-19-ի ծանրությունը կամ տեւողությունը եւ ԱՀԿ-ն կենտրոնացած է դրանցից չորս կամ հինգ առավել հեռանկարային եւ խորքային մեթոդների ուսումնասիրության վրա, փոխանցում է Reuters-ը:
«Մենք իսկապես բուժման որոշ մեթոդներ ունենք, որոնք, ուսումնասիրության շատ վաղ փուլերում, կարծես, սահմանափակում են հիվանդության ծանրությունը կամ տեւողությունը, բայց մենք վիրուսը ոչնչացնող կամ կանգնեցնող ոչինչ չունենք»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀԿ խոսնակ Մարգարետ Հարիսը` դեղամիջոցների փորձարկումների մասին:
«Մենք իրոք պոտենցիալ դրական տվյալներ ունենք, բայց մեզ հարկավոր է ավելի շատ տվյալներ տեսնել` 100 տոկոսով վստահ լինելու համար, որ մենք կարող ենք ընտրել այս բուժումը մեկ ուրիշի փոխարեն»,- հավելել է նա:
Սակայն Հարիսը նախազգուշացրել է պատվաստանյութի վերաբերյալ ակնկալիքների մասին` ասելով, որ կորոնավիրուսները, ընդհանուր առմամբ, «շատ ստոր վիրուսներ են», որոնց դեմ «դժվար է պատվաստանյութ արտադրել»: Ներկայումս COVID-19-ի դեմ ավելի քան 100 հավանական պատվաստանյութ է մշակվում, որոնցից մի քանիսը կլինիկական փորձարկումներ են անցնում:
ԱՀԿ-ն ապրիլին հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջիկա տարում սպասել չարժե:




























