ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Չինաստանից, քանի որ այն չի կարողացել զսպել նոր կորոնավիրուսը:

«Ես շատ հիասթափված եմ Չինաստանից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Fox Business Network-ին տված հարցազրույցում: «Նրանք չպետք է թույլ տային դա: Ուստի ես արտակարգ գործարք եմ (առեւտրի համաձայնագիրը - խմբ.) կնքել: Թանաքը դեռ չէր չորացել, եւ վրա հասավ ժանտախտը: Եվ հիմա ես այլ կերպ եմ այն ընկալում»,- ասել է Թրամփը:

Առեւտրային պայմանագրի առաջին փուլի համաձայն՝ Պեկինը խոստացել ՝ երկու տարում առնվազն 200 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերել, մինչդեռ Վաշինգտոնը համաձայնել է փուլ առ փուլ չեղարկել  չինական ապրանքների ներմուծման սակագները:
Թրամփը նշել է, որ հետաքրքրված չէ կրկնակի բանակցություններ անցկացնել:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի սկզբին հայտարարել էր, որ «զգալի ապացույցներ» կան, որ վիրուսի պատճառը արտահոսքն էր Ուհան քաղաքի լաբորատորիայից:

Ավելի վաղ Թրամփը եւս հայտարարել էր, որ վստահ է, որ կորոնավիրուսը առաջացել է չինական վիրուսաբանական լաբորատորիայում:

Fox Business-ին տված հարցազրույցում Թրամփն ավելի շատ կենտրոնացել է բռնկման դեմ Չինաստանի արձագանքի վրա, քան դրա ծագման: «Մենք շատ տեղեկություններ ունենք: Անկախ նրանից, թե այս վիրուսը լաբորատորիայից է եկել, թե չղջիկներից, այս ամենը Չինաստանի պատճառով է, եւ նրանք պետք է կանգնեցնեին այն: Նրանք կարող էին այն կանգնեցնել: Սակայն դա դուրս էր եկել վերահսկողությունից»,- ասել է նա: