Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի էությունը ամեն գնով երկրորդ նախագահին կալանքի տակ պահելն է, որը մայիսի 13-ի իր որոշմամբ ստորգրեց եւ կնքեց դատավոր Աննա Դաբիբեկյանը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Վիկտոր Սողոմոնյանի համար Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չփոխելու որոշումը սպասելի էր։ Ըստ նրա՝ դատական այս ամբողջ գործը կազմված է երեք կոնտեքստից․
«Կոնտեքստ՝ իբր կա սահմանադրական կարգի տապալում, ավելին՝ Մարտի 1-ի զոհերի փաստը, որի մեղավորը իբր երկրորդ նախագահն է։ Երկրորդը՝ կա այնուամենայնիվ ինչ-որ հանցանք և օրենքներով հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ, և վերջապես երրորդը՝ ոտնահարելով բոլոր օրենքներն ու բարոյականությունը, ուղղակի Ռոբերտ Քոչարյանին պահել բանտարկված»։
Վիկտոր Սողոմոնյանի դիտարկմամբ՝ երեկվա կայացած նիստով Աննա Դանիբեկյանը հաստատեց այս երեք կոնտեքստները։
Վիկտոր Սողոմոնյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո չի մնացել մի պետական ու ոչ պետական ինստիտուտ, որոնց ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդ չլինեն․
«Պարզվում է՝ այս ամենը ոչ մի նշանակություն չունի, օրենքները նշանակություն չունեն, նույնիսկ այն, որ նա արդեն երրորդ վիրահատությանն է ենթարկվում։ Իրավաբանը չէր կարող այսպիսի որոշում կայացնել»։
Վիկտոր Սողոմոնյանը նորից շեշտում է, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ հիվանդություն է առաջացել կալանքի տակ գտնվելու ժամանակ․ «Մարդը առողջ տեղափոխվել է ՔԿՀ, և այնտեղ ձեռք է բերել հիվանդություն։ Երեկվա նիստը իրավաբանության ինքնասպանություն էր, ու այսպիսի որոշում կարող էր կայացնել ավտորիտար ռեժիմի պայմաններում գործող դատարանը»։
Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ դատավորը հանցագործություն է կատարել․ «Մենք այսօր գործ ունենք ավտոկրատ ռեժիմի տակ գործող դատարանների հետ։ Ես չեմ արդարացնում դատավոր Աննա Դանիբեկյանին, բայց այս գործն ու կայացված որոշումները քաղաքական են»։
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, և նախագահի փաստաբանական թիմն այս գործից քարը քարի վրա չի թողել։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հիշեցրել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի այսօրվա հայտարարության մասին, նշելով, որ եթե այդպիսի զուսպ մարդն է նման ձեւակերպում տալիս, որ Փաշինյանն արժանի է Ալիեից շքնաշնան ստանալ, ապա պատկերացրեք ինչ է տեղի ունեցել երեկ դատարանում։ Սողոմոնյանը նշել է, թե դատարանի որոշումից հետո շենքի բակում հավաքված աջակիցներին համոզելով են տուն ուղարկել, քանի որ մարդիկ, ըստ նրա, արդեն ցանկանում էին ակցիաներ սկսել։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նախագահի գրասենյակը դիմե՞լ է դեսպանատների, միջազգային կառույցների, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է․ «Իհարկե, դիմել ենք և չկա մի դեսպանատուն կամ էլ միջազգային կառույց, որը տեղեկացված չէ՝ ինչ է կատարվում այս գործի շրջանակներում։ Դիմել ենք ու չկա որևէ արձագանք, և եթե իրենք պատրաստ են զոհասեղանին դնել իրենց արժանապատվությունը, ապա ցավում եմ իրենց համար»։
Վիկտոր Սողոմոնյանը վերահաստատում է իր այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս իր այլ ծառայությունների, նոր մեծ ծառայություն է մատուցում հայ ժողովրդին․ «Եթե նախագահն այս զրկանքների միջով չանցներ, մենք գուցե մի քանի տարի հետո հասկանայինք՝ այս իշխանությունների իրական դեմքը»:
Վիկտոր Սողոմոնյանը երկրորդել է հարցազրուցավարի հարցը՝ իմաստ ունի՞ մասնակցել այդ դատավարությանը, եթե բերված փաստարկները, միջնորդությունները, երաշխավորություններն ու ամենաբարձր մակարդակով հորդորները հաշվի չեն առնվելու, նշելով, որ փաստաբանական թիմը դեռ որոշում չունի․
«Երեկ անհայտ մեկը բնորոշումներ էր փորձում տալ 4 հարգարժան վարչապետերի, որոնք նշանակալի դեր են խաղացել մեր պատմության ընթացքում։ Քննարկում ծավալեցին, որը ոչ մի առնչություն չուներ դատավարության եւ միջնորդությունների հետ», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։





























