Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մայիսի 10-ին Կառավարության նիստերի դահլիճում հրավիրված խորհրդաժողովում կհայտարարի հայրենասիրական մի շարք ուժերի հետ միացման մասին, ընդ որում, «Ժառանգությունն» այդ ուժերի մեջ չի լինի։ Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։
«Մենք որեւէ ուժի հետ միացման շահեր երբեք չենք հետապնդել, ուղղակի ասել ենք եւ հիմա էլ ասում ենք, որ կմիանանք հայրենասիրական ուժերի հետ։ Մայիսի 10-ի կայանալիք միջոցառման հրավերներ դեռ ոչ ոքի չենք ուղարկել, սակայն երբ հրավերներն ընդունվեն, հենց խորհրդաժողովի օրը քաղխորհուրդ կընտրվի»,- ասաց Կարապետյանը։
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով մամուլի ազատության թեմային (մայիսի 3-ը նշվում է իբրեւ մամուլի ազատության օր) Տիգրան Կարապետյանը տոնի կապակցությամբ նախ շնորհավորեց հավաքված լրագրողներին, իսկ հետո շրջանցելով խոսքի ազատության հարցը, նշեց, որ հայաստանյան մամուլի մասին բարձր կարծիք չունի, քանի որ լրատվամիջոցներից շատերը գրում են իր խոսքերի սկանդալային հատվածները, այնինչ պետք է գերադասեն խորը վերլուծությունները։ «Օրինակ, ինչո՞ւ ոչ մի լրագրողի չհետաքրքրեց մեզ եթերազրկելու, ԱԼՄ-ն փակելու փաստը։ Մեր հեռուստաընկերությունը փակվեց մեր գաղափարների պատճառով։ Գուցե այդ պահին ձեր աջակցության կարիքն ունեինք»,- դիմեց նա լրագրողներին՝ միաժամանակ ավելացնելով, որ իրենք կանգ չեն առնելու եւ պատրաստվում են թերթ հրատարակել։
Նշենք, որ ԱԼՄ հեռուստաընկերությունը եթեր չի հեռարձակվում հունվարի 21-ից, քանի որ ՀՌԱՀ-ի որոշմամբ թվային հեռարձակման կապուղիների մրցույթում նա պարտվեց «Երեւան» հեռուստաընկերությանը:





























