Ոսկու գները բազմամյա ռեկորդ են սահմանել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հայտարարության ֆոնին առ այն, որ տնտեսությունը մեծապես կտուժի կորոնավիրուսի համավարակից, իսկ դրա հետեւանքներից վերականգնումը կարող է ավարտվել ոչ շուտ, քան 2021 թվականի վերջին: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկյան կարգավորողի զեկույցը, որը թողարկվում է տարեկան երկու անգամ:
Ոսկու գները, որը ներդրողների կողմից ավանդաբար որպես «անվտանգ ապաստան» է ընկալվում ճգնաժամերի ժամանակ, 2020 թվականին աճել են 16 տոկոսով: Աճը նկատվում է ՀՆԱ-ի աճի դանդաղեցման մասին զեկույցների, մոտալուտ անկման նախազգուշացման եւ ամբողջ աշխարհի կառավարությունների կողմից հակաճգնաժամային ծրագրերի գործարկման ֆոնին: Գների աճին նոր խթան էր հաղորդել ուրբաթ՝ մայիսի 15-ին, տվյալների հրապարակումը, որոնց համաձայն ԱՄՆ-ում արտադրության ծավալները եւ մանրածախ վաճառքներն ապրիլին մեծագույն անկում են ապրել պատմության մեջ:
Մայիսի 18-ին Լոնդոնում աճուրդի ընթացքում ոսկու գինն աճել է 1.2 տոկոսով՝ մինչու 1764.73 դոլար մեկ ունցիայի դիմաց՝ այդպիսով առավելագույն ցուցանիշ սահմանելով 2012 թվականից ի վեր: Աճել են նաեւ հազվագյուտ մետաղի՝ պալադիումի գները: Երկուշաբթի դրա արժեքն աճել է ավելի քան 8 տոկոսով՝ ընդամենը 20 րոպեի ընթացքում ավելանալով 100 դոլարով: Բացասական նորությունների ֆոնին արծաթի գներն աճել են 4 տոկոսով, պլատինինը՝ 3.5 տոկոսով, փոխանցում է «Լենտա»-ն:




























