Աբսուրդի վերջն է դատի տալ ոչ թե տեղեկատվության աղբյուրը, այլ լրատվամիջոցին, ով գրել է աղբյուրի խոսքով: Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` մամուլի ազատությանը նվիրված ասուլիսում:

Որպես օրինակ Մելիքյանը ներկայացրել է «Առավոտ» թերթի եւ NEWS.am-ի դեմ ներկայացված հայցը: Նշենք, որ 2010թ. նոյեմբերի 23-ին NEWS.am-ը նյութ էր հրապարակել քաղաքացի Հովհաննես Քաթրջյանի մասին: Վերջինս մեղադրել էր Առիթմիոլոգիական եւ սրտաբանական կենտրոնին խաբեության եւ պատշարճ սարքավորման փոխարեն սրտի այլ, ավելի էժան սարք տեղադրելու մեջ:

Իր հերթին Առիթմիոլոգիական կենտրոնը մեղադրել էր NEWS.am-ին իր գործարար համբավին հասցված լուրջ վնասի մեջ եւ 2 մլն դրամի չափով հայց էր ներկայացրել:

Խոսելով լրատվամիջոցների պատասխանատվության ապաքրեականացման մասին` Մելիքյանը նշել էր, թե նախաձեռնությունը լավն էր, սակայն ավելի բարդացրեց իրավիճակը: «Քննադատության համար չի կարելի նստեցնել, սակայն հիմա այլասերված իրավիճակ է ստեղծվել, եւ այն պետք է փոխվի»,- ընդգծել է Մելիքյանը: