Եթե որեւէ մեկը դատարանում որեւէ թերթի դեմ փողային պահանջ է ներկայացնում եւ հայտարարում, որ այդ փողի կարիքը չունի, ապա դատարանը բոլոր հիմքերն ունի այդ պահանջը մերժելու: Այս մասին Մամուլի ազատության համաշխարհային օրը` մայիսի 3-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն` անդրադառնալով թերթերի դեմ վիրավորանքի եւ զրպարտության մեղադրանքներով ներկայացված դատական հայցերին: Աբրահամյանը նշեց, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցումը այն ժամանակ իմաստ ունի, եթե վնաս կրած մարդն ունի դրա կարիքը: «Այսինքն` նա տառապում է նյութական անբավարարվածությունից եւ նրա պահանջած միլիոնը կբավարարի իրեն: Իսկ եթե նա հայտարարում է, որ այդ փողն իրեն պետք չէ, եւ այն փոխանցելու է մանկատանը, ապա թերթի դեմ նյութական պահանջն անիմաստ է»,-նկատեց Աբրահամյանը: Նրա խոսքով`ոչ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, ոչ էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ովքեր դատական հայցեր են ներկայացրել տարբեր թերթերի դեմ, որպես փոխհատուցում պահանջվող մի քանի միլիոնի կարիքը հաստատ չունեն:  Հետեւաբար` նրանց նյութական պահանջն իմաստազուրկ է:

Ըստ Աբրահամյանի` վիրավորանքի եւ զրպարտության հոդվածները ապաքրեականացնելը միանգամայն ճիշտ որոշում էր, «սակայն դրանց իրագործումը` օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից, շատ հապճեպ էր եւ սխալ»: «Պետք է հստակեցվեն այն կանոնները, որոնք թույլ են տալիս մարդկանց դատի տալ: Այսինքն, եթե, դիցուք, Ավետիքյանն ասում է, որ Պողոսը լավ մարդ չէ, ապա Պողոսը պետք է դատի տա ոչ թե թերթին, ով տվել է նրա խոսքը, այլ`Ավետիքյանին»,-նկատեց «Առավոտ»-ի խմբագիրը:

Նրա խոսքով` եթե անգամ դրամական փոխհատուցման պահանջ է ներկայացվում լրատվամիջոցի դեմ, ապա պետք է դրանք չլինեն աստղաբաշխական գումարներ եւ դրանց չափը պետք է էապես կրճատվի: 

Նշենք, որ մի շարք թերթերի դեմ, մասնավորապես` «Ժամանակ», «Հրապարակ», «Երկիր», «Իրավունք», դատական հայցեր են ներկայացվել, որոնցով հայցվորները որպես բարոյական վնասի եւ փաստաբանական ծախսերի փոխհատուցում պահանջում են մոտ 3-6 միլիոն դրամ: